Անբողոքարկելի վարչական ակտեր. ուղեցույց 2018թ. փոփոխությունների վերաբերյալ

|

Անբողոքարկելի վարչական ակտ

Անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա առանց դատարան դիմելու բռնագանձում իրականացնելու համար նախատեսված սահմանափակումները 2018թ. ապրիլից վերացվել են։

Փոփոխվել են նաև վարչական ակտի գործողությունը կասեցնելու գործիքները։

Ի՞նչ է պետք իմանալ անբողոքարկելի վարչական ակտերի մասին, ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել։

Ինչպե՞ս արդյունավետ պաշտպանվել անօրինական վարչական ակտերից. ո՞ր պահին ի՞նչ գործողություններ ձեռնարկել՝ սեփականությունը պաշտպանելու համար։

Ստորև ներկայացված համառոտ ուղեցույցն ուշադիր կարդացեք. այն կարող է փրկել Ձեր ունեցվածքը կամ բիզնեսը։

Ի՞նչ է անբողոքարկելի վարչական ակտը

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի համաձայն՝ հանրային իրավական դրամական պահանջները վարչական ակտերի հիման վրա պետական կամ համայնքային բյուջե գումարներ վճարելու այդ մարմինների պահանջներն են։

Այդ պահանջները կատարվում են անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա։

Անբողոքարկելի նշանակում է, որ վարչական ակտի հասցեատերը՝ Դուք, վարչական ակտն ուժի մեջ մտնելուց հետո սահմանված ժամկետում այն չեք բողոքարկել։ Բողոքարկելը լինում է վերադասության կարգով կամ դատական կարգով՝ դատարանին ներկայացնելով հայց։

Ընդհանուր առմամբ գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում դրա մասին սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ ժամկետ նախատեսված չէ:

Վարչական բողոքը կարող է բերվել`վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում, իսկ գրավոր վարչական ակտում դրա բողոքարկման ժամկետը նշված չլինելու դեպքում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում:

Այս ժամկետներում կարող է ներկայացվել վիճարկման հայց՝ պահանջելով անվավեր ճանաչել և վերացնել վարչական ակտը։

Բողոք բերելու այս ժամկետները լրանալուն պես վարչական ակտը դառնում է անբողոքարկելի և կարող է ի կատար ածվել։

Վարչական ակտն առ ոչինչ ճանաչելու հիմքեր լինելու դեպքում, խնդիրն ավելի բարդ է. եթե այդպիսի հիմքեր կան, ապա ճանաչման հայց ներկայացնելու ժամկետները շատ ավելի երկար են. բայց վարչական ակտը անբողոքարկելի է դառնալու ավելի շուտ։

Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել

Մինչև 2018թ. ապրիլի 1 ընդունված վարչական ակտերով թույլատրվում էր առանց դատարան դիմելու իրականացնել բռնագանձումներ միայն եթե

  • անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջը չէր գերազանցում 200.000 դրամը,
  • ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջի հարկադիր կատարումը հնարավոր էր առանց նրան սեփականության (այդ թվում՝ ընդհանուր սեփականության) իրավունքով պատկանող միակ բնակարանի բռնագանձման,
  • իրավաբանական անձից կամ անհատ ձեռնարկատիրոջից գանձման ենթակա դրամական պահանջը չէր գերազանցում իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գույքի արժեքը:

Մնացած բոլոր դեպքերում վարչական մարմինը պետք է բռնագանձման հայց ներկայացներ Դատարան։

Իսկ հայցի ընդունմամբ վերանում էր վարչական ակտի անբողոքարկելի լինելը։

Արդյունքում պարտապանը կարող էր, հակընդդեմ հայց ներկայացնելով, նորից վիճարկել վարչական ակտի իրավաչափությունը։

Իսկ վարչական դատարանը վերահսկողություն էր իրականացնում վարչական ակտի իրավաչափության նկատմամբ՝ ստուգում էր՝ վարչական ակտն իրավաչափ է, թե՝ ոչ, ուժի մեջ մտել է, թե՝ ոչ։

2017թ. դեկտեմբեի 8-ի ՀՕ-259-Ն և ՀՕ-260-Ն օրենքներով սահմանափակումները վերացվել են։

Այս օրենքներն ուժի մեջ են մտնում 2018թ. ապրիլի 1-ից և տարածվում են ուժի մեջ մտնելուց հետո ընդունված վարչական ակտերի վրա։

Սա նշանակում է, որ 2018թ. ապրիլի 1-ից ցանկացած չափի հանրային իրավական դրամական պահանջի դեպքում, լինի 5000 դրամի ճանապարհային ոստիկանության տուգանք, թե մի քանի 100 միլիոն արժողությամբ հարկային ստուգման ակտ, եթե վարչական ակտը չի բողոքարկվում սահմանված ժամկետում, այն դառնալու է անբողոքարկելի և հարկադիր բռնագանձվելու է այլևս առանց դատարանի միջամտության։

Վարչական ակտի անբողոքարկելի դառնալու գործընթացը

Ինչպե՞ս արդյունավետ պաշտպանվել անօրինական վարչական ակտերից

Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1210 գործով անբողոքարկելի վարչական ակտերի վերաբերյալ այն դիրքորոշումն է արտահայտել, որ ընդհանուր առմամբ ինստիտուտը չի հակասում սահմանադրությանը։

Ըստ Սահմանադրական դատարանի՝ «էականը, վարչական միջամտության դեմ դատական բողոք բերելու արդյունավետ միջոցի երաշխավորումն է»։

Ահա թե ինչ է պետք իմանալ, եթե ստանում եք վարչական ակտ։

Առաջին. եթե ստացել եք վարչական ակտ և համաձայն չեք ներկայացված պահանջի հետ, շտապեք այն բողոքարկել սահմանված ժամկետում։

Շտապեք դիմել փաստաբանի։

Ուշադիր եղեք ժամկետը բաց չթողնել, որովհետև վարչական ակտը կդառնա անբողոքարկելի և ենթակա կլինի հարկադիր կատարման։

Հաշվի առնելով, որ դատարանն այլևս վերահսկողություն չի իրականացնում, Դուք չեք ունենալու վարչական ակտը բողոքարկելու երկրորդ շանս՝ բռնագանձման փուլում։

Որոշ բացառիկ դեպքերի համար Վարչական դատավարության օրենսգիրքը նախատեսում է վարչական ակտերի բողոքարկման համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու հնարավորություն։

Ժամկետի բացթողումը հարգելի համարել կարող է միայն դատարանը։

Բայց քիչ է հավանականությունը, որ Դատարանը ժամկետի բացթողումը հարգելի կարող է համարել. դա գրեթե չի պատահում. դրա վրա հույս մի դրեք։

Երկրորդ. եթե վարչական ակտի մասին իրազեկվել եք արդեն հարկադիր կատարման պրոցեսում, ապա Դուք հայտնվել եք տիպիկ հիմար իրավիճակում։

Ստացվում է՝ վարչական ակտը ուժի մեջ չի մտել կամ նոր է մտնում ուժի մեջ։

Թեև Դուք կարող եք այն բողոքարկել, բայց այն արդեն իսկ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) կողմից ի կատար է ածվում։

Հարկադիր կատարողի որոշումները բողոքարկելը, որպեսզի դատարանում Ձեր հայցի քննության ընթացքում պաշտպանվեք վարչական ակտի վաղաժամ հարկադիր կատարումից, այլևս իմաստազրկվում է։

2017թ. դեկտեմբերի 13-ին ընդունվել է մեկ այլ՝ «Վարչական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-312-Ն օրենք (ուժի մեջ է մտել 2018թ. հունվարի 8-ին)։

Հարկադիր կատարողի որոշումների բողոքարկումը վարչական ակտի հարկադիր կատարումը արդեն չի կասեցնելու։

Բացի դրանից ակտի բողոքարկումն իր հերթին ինքստինքյան չի կասեցնելու դրա կատարումը։

Այսինքն եթե հայտնվեք նման իրավիճակում, ապա կարող է չունենաք վարչական միջամտության դեմ դատական պաշտպանության արդյունավետ միջոց։

Ձեր շահերի պաշտպանությունը կարող է ուշանալ կամ դառնալ անհնարին։

Եթե հայտնվել եք այսպիսի իրավճակում, մի հապաղեք. ամեն վայրկյան կարող է դառնալ ճակատագրական, որովհետև մինչև հաջողացնեք պաշտպանել Ձեր շահերը դատարանում, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը (ԴԱՀԿ)-ն կարող է վարչական ակտի հիման վրա արդեն բռգանձած լինի վիճարկվող պարտավորության գումարը։

Այս դեպքում վարչական ակտը վերադասության կարգով բողոքարկելն արդյունավետ չէ, որովհետև վարչական ակտի ի կատար ածումը չի կասեցվելու, իսկ վերադասության կարգով բողոքի քննությունը պարզապես ժամանակի կորուստ է լինելու։

Թե որքանով դատական կարգով վարչական ակտի բողոքարկումը կլինի արդյունավետ այսպիսի իրավիճակներում, ժամանակը դեռ ցույց կտա։

Բայց եթե այսպիսի իրավիճակում դիմել եք դատարան, ամենակարևոր բանը որ պետք է անել, հայցի հետ մեկտեղ վարչական ակտի կատարումը կասեցնելու հիմնավորված միջնորդություն ներկայացնելն է։

Այս պահին սա միակ իրավական գործիքն է, որ կարող է կանգնեցնել Ձեր կամ Ձեր բիզնեսի գույքի բռնագանձումը նման հիմար իրավիճակում։

Ինչ բացասական կողմեր կարող են ունենալ այս փոփոխությունները վարչական ակտերի հասցեատերերի համար

Մեր կարծիքով այս փոփոխությունները բացասական են հետևյալ պատճառներով.

  1. վերանում է 200.000 դրամի շեմից բարձր անբողոքարկելի վարչական ակտերի պարտադիր դատական վերահսկողությունը. վարչական ակտերի հանդեպ դատական վերահսկողությունը «թուլանում» է.
  2. դրա արդյունքում չկա գործադիր իշխանությունից անկախ մարմին, որը վերահսկողություն իրականացնի վարչական ակտի, դրա իրավաչափության և դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրացման նկատմամբ.
  3. չնայած օրենսդրությունը նախատեսում է, որ վարչական մարմինը անբողոքարկելի վարչական ակտը հարկադիր կատարման ուղարկելուց պետք է նաև ներկայացնի դրա պատշաճ ծանուցման, ուժի մեջ մտնելու և անբողոքարկելի դառնալու վերաբերյալ ապացույցներ, իսկ նման ապացույցների բացակայությունը հարկադիր կատարումը մերժելու կամ սկսված կատարողական վարույթը կարճելու հիմք է, գործնականում կարող են հարկադիր կարգով ի կատար ածվել ուժի մեջ չմտած և բողոքարակման ենթակա վարչական ակտեր.
  4. առաջանում են սպառնալիքներ իրավունքների դատական պաշտպանության արդյունավետ միջոցների գոյության և իրացման հարցերում.
  5. վերևում նկարագրված հիմար իրավիճակներում հայտնված վարչական ակտերի հասցեատերերը չեն կարող արդյունավետ օգտագոծել օրենքով իրենց տրված բողոքարկման ժամկետները՝ ոչ իրավաչափ վարչական ակտերով գույքի բռնագանձումից պաշտպանվելու համար.
  6. ավելի է իմաստազրկվում վերադասության կարգով բողոքարկումը. չկան երաշխիքներ, որ անձը կարող է հայտնվել վերոնշյալ հիմար իրավիճակում վերադասության կարգով բողոքի քննության ընթացքում։

Ամփոփում

Վարչական ակտերի հետ գործ ունենալիս, հիշել է պետք հետևյալ կարևոր կետերը.

  1. Որպեսզի անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա իրականացվի բռնագանձում, պետք է վարչական ակտը մտած լինի ուժի մեջ՝ հասցեատիրոջն իրազեկելու արդյունքում.
  2. հասցեատերը, պետք է վարչական ակտն ուժի մեջ մտնելուց հետո սահմանված ժամկետում ներկայացրած չլինի բողոք վերադասության կամ դատական կարգով.
  3. վարչական ակտով դրված պարտավորության չափը կամ այլ հանգամանքները 2018թ. ապրիլից այլևս էական չեն. անբողոքարկելի վարչական ակտը դատարան չի գնալու, փոխարենը գնալու է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն (ԴԱՀԿ)՝ միանգամից հարկադիր կատարման.
  4. հարկադիր կատարողի գործողությունները բողոքարկելու միջոցով վարչական ակտի հարկադիր կատարումը կանխելն այլևս աշխատող տարբերակ չէ.
  5. եթե փորձում եք բողոքարկել անբողոքարկելի դարձած կամ առոչինչ վարչական ակտ, ապա աշխատող գործիք կարող է լինել հայցի հետ միասին դատարանին վարչական ակտի գործողության կասեցման միջնորդություն ներկայացնելը։

Ի՞նչ եք կարծում, որքանով կապահովվի Ձեր և Ձեր բիզնեսի արդյունավետ դատական պաշտպանությունը օրենսդրական այս փոփոխությունների արդյունքում։ Անպայման կիսվեք Ձեր կարծիքով ֆեյսբուքում և այլ սոցիալական ցանցերում։

Գևորգ Հակոբյանը «Elawphant» փաստաբանական գրասենյակի հիմնադիրն է, ղեկավար գործընկերը, ՀՀ փաստաբանների պալատի անդամ է:

Կապ հաստատեք մեզ հետ. անվճար նախնական կոնսուլտացիա