Ապահովագրական ընկերությունն ԱՊՊԱ պատահարով հատուցած գումարը կարող է հետ պահանջել (սուբրոգացիա). ինչպես ճիշտ ահազանգել պատահարի ժամանակ

|

Դարձել եք ավտոտրանսպորտային պատահարի մասնակի՞ց. մտածում եք, որ ապահովագրական ընկրությունը ԱՊՊԱ պայմանագրով կփոխատուցի ամբողջ վնասը և Դուք խնդիր չե՞ք ունենա։ Պարզվում է, որ դա այնքան էլ այդպես չէ, և կան դեպքեր, երբ ապահովագրական ընկերությունները կարող են որպես վնաս հատուցած գումարը հետ պահանջել պատահարի մասնակցից։
Բազմաթիվ են դեպքերը, որոնցով ապահովագրական ընկերությունները հետադարձ պահանջ են ներկայացնում վարորդներին տուժող կողմին փոխհատուցում տալուց հետո:
Եթե ուզում եք չհայտնվել նման իրավիճկում և ԱՊՊԱ-ն չդառնա անակնկալ «հոպպա», ապա «Էլոֆանտի» ավագ գործընկեր Ռուզաննա Աբրահամյանի պատրաստած այս հոդվածի ինֆորմացիան Ձեզ համար կարող է լինել շատ օգտակար։

Ինչ է հետադարձ պահանջը (սուբրոգացիա)

Հետադարձ պահանջը ապահովագրական ընկերության իրավունքն է վթարի դեպքում, եթե առկա են օրենքով նախատեսված որոշակի հիմքեր, տուժող կողմին փոխհատուցված գումարը պահանջել վթարի մեջ մեղավոր հանդիսացած վարորդից կամ ապահովադրից:

Ումից կարող են ապահովագրական ընկերությունները պահանջել փոխհատուցել տուժողին հատուցած գումարները

Հետադարձ իրավունքի հասցեատեր կարող է լինել թե վթարի պահին ավտոմեքենայի ղեկին նստած անձը, թե մեքենայի սեփականատերը, իսկ որոշ դեպքերում նաև երրորդ անձի դեմ՝ կախված նրանից, թե օրենքով սահամանված որ դեպքն է առաջացել տվյալ իրավիճակում: 

Որ դեպքերում ապահովագրական ընկերությունը կարող է հետադարձ պահանջ ներկայացնել վթարի պահին ավտոմեքենայի ղեկին գտնվող անձի դեմ

Ապահովագրական ընկերությունը կարող է հետադարձ պահանջ ներկայացնել վթարի պահին ղեկին գտնվող անձի դեմ, եթե վերջինս.

  • ավտոմեքենան վարել է ալկոհոլի, թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի ազդեցության ներքո.
  • լքել է պատահարի վայրը կամ խուսափել է ալկոհոլի, թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի օգտագործման փաստի վերաբերյալ քննություն անցնելուց. 
  • չի ունեցել ավտոմեքենա վարելու իրավունք. 
  • ԱՊՊԱ պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով ապահովագրական ընկերությունը չի տեղեկացվել ապահովագրական պատահարի մասին.

Որ դեպքերում ապահովագրական ընկերությունը կարող է հետադարձ պահանջ ներկայացնել մեքենայի սեփականատիրոջ դեմ

Ապահովագրական ընկերությունը կարող է հետադարձ պահանջ ներկայացնել ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ դեմ, եթե.

  • ավտոմեքենան տեխզննություն չի անցել (պատահարն անսարքության հետևանք է).
  • ԱՊՊԱ պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով ապահովագրական ընկերությունը չի տեղեկացվել ապահովագրական պատահարի մասին.
  • ավտոմեքենան վարումը վստահել է այն վարելու իրավունք չունեցող անձին.
  • պայմանագիրը կնքելիս սուտ տեղեկություններ է հայտնել ռիսկայնության վրա էականորեն ազդող հանգամանքների վերաբերյալ.

Որ դեպքերում ապահովագրական ընկերությունը կարող է հետադարձ պահանջ ներկայացնել երրորդ անձանց դեմ

Ապահովագրական ընկերությունը կարող է հետադարձ պահանջ ներկայացնել երրորդ անձանց դեմ, որոնց մեղքով տեղի է ունեցել պատահարը, հետևյալ դեպքերում.

  • պատահարի տարածքի կամ ճանապարհի սեփականատիրոջ նկատմամբ, եթե պատահարը տեղի է ունեցել տարածքի կամ ճանապարհի անսարքության կամ թերության պատճառով, և դրանում առկա է սեփականատիրոջ մեղքը.
  • ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական զննություն իրականացրած կազմակերպության նկատմամբ, եթե պատահարի առաջացման անմիջական պատճառ է դարձել ավտոտրանսպորտային միջոցի այնպիսի անսարքությունը, որը չի բացահայտվել տեխնիկական զննության ընթացքում` դրա թերի կամ ոչ պատշաճ իրականացման հետևանքով.
  • և այլ անձանց, որոնց մեղքով տեղի է ունեցել վթարը.

Որոշ դեպքերում ապահովագրական ընկերությունը կարող է պահանջ ներկայացնել մի քանի անձանց, ինչպիսին է ուշ ահազանգի դեպքը: Տվյալ դեպքում այս անձիք ապահովագրական ընկերության նկատմամբ հանդես են գալիս որպես համապարտ պարտապաններ: Այսինքն՝ ապահովագրական ընկերությունը իրավունք ունի այդ անձից հավասարապես պահանջել փոխհատուցված գումարը:

Ինչ հիմքեր պետք է առկա լինեն, որպեսզի ապահովագրական ընկերությունը ձեռք բերի հետադարձ պահանջի իրավունք

Որպեսզի ապահովագրական ընկերությունը ձեռք բերի հետադարձ պահանջի իրավունք, պետք է առկա լինեն հետևյալ հիմքերը միաժամանակ.

  • Ապահովագրական վկայագրի առկայությունը, այսինքն այն փաստը, որ Ձեր ավտոմեքենան ապահովագրված է տվյալ ապահովագրական ընկերությունում` պայմանագրի հիման վրա: Ընդ որում, պայմանագիրը պետք է համապատասխանի օրենքի չափորոշիչներին, հակառակ պարագայում դա կարող է հանգեցնել գործարքի  անվավերության  կամ համարվել չկնքված գործարք: Ուշադրության է արժանի այն, որ սա ամենևին չի նշանակում, որ պայմանագրի բացակայության դեպքում դուք կարող եք ազատվել այս գործընթացի հետ կապված պարտականություններից, այդ թվում՝ վնասը հատուցելու պարտականությունից, քանի որ պատշաճ պայմանագրի բացակայության դեպքում, ապահովագրական ընկերությունների փոխարեն փոխհատուցումն իրականացնելու է Ապահովագրողների բյուրոն, որն էլ հետագայում կարող է հատուցած վնասները Ձեզանից հետ պահանջել:
  • Բացի դա, մեքենայի ապահովագրությունը պարտականություն է, որի չկատարումը առաջացնում է վարչական պատասխանատվություն:
  • Ավտովթար, որում դուք մեղավոր եք ճանաչվել։ Մեղավորությունը սովորաբար  հավաստվում է  ՃՈ-ի աշխատակցի եզրակացությամբ, պատահարի պատճառների վերաբերյալ փորձագիտական եզրակացությամբ կամ վթարի մասնակիցների միջև կնքված մեղավորության վերաբերյալ համաձայնության ակտով, համաձայնեցված հայտարարագրով։ Անհրաժեշտ է ապահովագրական ընկերություն զանգահարել անկախ տվյալ պահին մեղավորության մասին Ձեր պատկերացումներից, քանի որ մեղավորության վերաբերյալ հանգամանքները կարող են փոփոխվել, որի արդյունքում ընկերությունը կարող է Ձեր հանդեպ հետադարձ պահանջ ներկայացնել և հետ պահանջել տուժողին հատուցած գումարները` Ձեր կողմից ապահովագրական ընկերությանը չտեղեկացնելու հիմնավորմամբ: Պետք է իմանալ նաև, որ պատահարի պատճառների հետազոտության վերաբերյալ փորձագետի եզրակացությունը և վարչական մարմնի կողմից կայացված որոշումը կարող են բողոքարկվել արտադատական և դատական կարգով։
  • Վնասի առկայություն, որը կարող է լինել գույքային կամ ոչ գույքային: Վնաս կարող է պատճառվել ոչ միայն ավտոմեքենային, այլ նաև դրա մեջ գտնվող գույքին, անձանց, հետիոտնին, ճանապարհին, մայթեզրին կամ մայթերին տեղակայված օբյեկտներին: Այստեղ կարևոր է նաև պարզել, թե ով է հանդիսանում տուժող, այսինքն ում է վնասը հասցվել: Օրինակ՝ եթե Ձեր մեղքով առաջացած վթարի հետևանքով վնասվել է մայթի վրա տեղակայված գազի խողովակը, ապա որպես տուժող կհանդիսանա գազամատակարարման ընկերությունը. կամ օրինակ՝ վնասվել է մյուս կողմի ավտոմեքենան, ապա տուժող կհանդիսանա տվյալ ավտոմեքենայի սեփականատերը. եթե վնաս է պատճառվել հետիոնին, ապա տուժող բնականաբար կհանդիսանա տվյալ հետիոտնը: Տուժողները կարող են լինել մի քանիսը։
  • Վնասը պետք է լինի իրական (գումարային արժեք ունեցող և ֆիզիկապես պատճառված գնահատաված վնաս)։ Բայց եթե կողմերի միջև կազմվել է համաձայնեցված հայտարարագիր, սակայն իրականում վնասի չափը ավելին է, քան համաձայնեցված հայտարարագրի միջոցով հատուցվող գումարի առավելագույն չափը` 100.000 դրամը, ապա Ընկերության հատուցում է միայն նշված գումարը, որի սահմաններում էլ կարող է հետադարձ պահանջ ներկայացնել: Հնարավոր են դեպքեր, երբ հայտարարագրի լրացման գործընթացում ընկերության սխալ ցուցումների արդյունքում է վնասը գերազանցել 100.000 դրամը, այս դեպքում թեև ընկերությունը պարտավոր է իրականացնել հատուցում պատճառված վնասի չափով, սակայն հետադարձ պահանջ կարող է ներկայացնել միայն հայտարարագրում նշված գումարի առավելագույն չափով:
  • Վնասի փաստը հավաստող հիմնական ապացույցն է ապրանքագիտական փորձաքննությունը, իսկ անձնական վնասի դեպքում` հիվանդանոցի կողմից կամ այլ իրավասու մարմնի կողմից տրված եզրակացությունը կամ տեղեկանքը կամ այլ փաստաթուղթ:

Պետք է իմանալ, որ ապահովգրական ընկերությունը պարտավոր է վնասի վերաբերյալ եզրակացությունը ծանուցել պատահարի կողմերին, հակառակ պարագայում այդ եզրակացությունը դատարանում օգտագործվելուց խնդիրներ կարող է ունենալ:

Տուժողին հատուցվելիք վնասի վերաբերյալ եզրակացությունը ստանալիս անուշադրության մի մատնեք վնասի չափին և անհամաձայնության դեպքում ներկայացրեք առարկություն, քանի որ նույնիսկ եթե տվյալ պահին հատուցումը իրականացնում է ապահովագրական ընկերությունը, այնուամենայնիվ, հետագայում հետադարձ պահանջի իրավունքի առաջացման դեպքում այդ գումարը կարող է բռնագանձվել Ձեզանից:

Պատահարում տուժող կողմին ապահովագրական հատուցման վճարումը: Հատուցում կարող է իրականացվել միայն տուժողի կամ վերջինի կողմից լիազորված անձի դիմումի հիման վրա, որը պետք է համապատասխանի օրենքով սահմանված պահանջներին:
Հատուցման ենթակա են միայն  անհրաժեշտ, հիմնավորված և փաստացի ապացուցված ծախսերը:
Օրինակ` Եթե տուժողը իր բուժումը ստացել է «VIP» հիվանդասենյակում, ապա դա թեև փաստացի և հիմնավորված ծախս է, բայց  ոչ անհրաժեշտ:

Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ գոյություն ունի հատուցման վերին շեմ. օրինակ գույքային վնասի վերին շեմը 1.800.000 ՀՀ դրամ է, որից ավել ապահովագրական ընկերությունները, անկախ վնասի չափից, չեն կարող հատուցում իրականացնել, իսկ հատուցման պարագայում հետադարձ պահանջ ներկայացնել՝ առավելագույն չափից ավել հատուցված գումարի չափով։ Գումարների շեմերը և սահմանները ժամանակի ընթացքում օրենքի փոփոխության արդյունքում փոփոխվում են. միշտ ակնկալիքներ կամ ռիսկեր գնահատելուց առաջ խորհրդակցեք Ձեր փաստաբանի հետ, որպեսզի գործեք թարմ ինֆորամցիան հաշվի առնելով։

  • Ուշ ահազանգ: Օրենքի համաձայն՝ Ապահովադիրը կամ ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձը ապահովագրական պատահար տեղի ունենալու դեպքում պարտավոր են ապահովագրական պատահարը տեղի ունենալուց հետո անհապաղ (առաջին իսկ հնարավորության դեպքում) այդ մասին հայտնել Ապահովագրողին 40 րոպեի ընթացքում հայտնել ապահովագրական ընկերությանը համաձայն բյուրոյի կաննոն Rl 1-001-ում տեղի ունեցած փոփոխության (հոդվածի սույն մասը թարմացված է 2017թ. դեկտեմբերի 7-ի դրությամբ)։
  • Քանի որ ուշ ահազանգ հասկացությունը գնահատողական կատեգորիա է, վճռաբեկ դատարանը իր թիվ ՏԴ3 0222/02/13 համանման փաստական հանգամանքներով քաղաքացիական գործով 17.07.2015թ-ին կայացրած որոշման մեջ անդրադարձել է օրենսդրի կողմից նախատեսված` ապահովագրական ընկերությանն ապահովագրական պատահարի մասին տեղեկացնելու պարտականության կատարման «անհապաղության» եզրույթի ընկալմանն ու մեկնաբանմանը և գտել է, որ  «Անհապաղ» նշանակում է առանց հապաղելու, անմիջապես, նույն պահին, հնարավորինս արագ, առավելագույնս սեղմ ժամկետում: Իսկ ողջամիտ կարող է գնահատվել այն ժամանակահատվածը, որն օբյեկտիվորեն անհրաժեշտ է որևէ կոնկրետ գործողության իրականացման համար:

Նշված պայմանը բացարձակ բնույթ չի կրում և ապահովադիրը կամ լիազորված տիրապետողը հնարավորություն ունեն խուսափելու պատասխանատվությունից, եթե ապցուցում են`

  • ապահովադիրը կամ ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձը պատահարի հետևանքով հայտնվել են անգիտակից վիճակում,
  • հայտնվել են այնպիսի իրավիճակում, որ անհնարին էր ապահովագրական ընկերությանը պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով ապահովագրական պատահարի մասին տեղեկացնելը,
  • ապահովադիրը տեղյակ չի եղել և չէր կարող տեղյակ լինել ապահովագրական պատահարի մասին՝ ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձի կողմից նրան չտեղեկացնելու կամ այլ պատճառով։

Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ անձի սթրեսային կամ գերլարված վիճակում գտնվելը չի ազատում պատասխանատվությունից, համաձայն վերը նշված դատարանի որոշման:

Ձեր կողմից ուշ ահազանգը փաստելու համար ապահովագրական ընկերությունների կողմից օգտագործվում են Ձեր կողմից տրված հայտարարությունները պատահարի ժամի վերաբերյալ, ինչպիսին է, օրինակ,  ճանապարհային ոստիկանությունում տրված բացատրությունը, համաձայնեցված հայտարարագրում նշված ժամը, ընկերություն զանգահարելիս ժամի վերաբերյալ Ձեր կողմից հայտնած տվյալները։

Հաշվարկն իրականացվում է փաստացի զանգի ժամի և Ձեր կողմից հայտնած ժամի տարբերությունը ստանալու միջոցով։

Հետևբար ուշադրություն պետք է դարձնել ցանկացած հայտարարության, և նշել ճշգրիտ ժամը, քանի որ հենց այդ ժամն  է հետագայում հիմք հանդիսանալու ժամանակի վերաբերյալ հաշվարկի իրականացման համար:

Ընդ որում, ձայնային կրիչում առկա ձայնագրությունը, որով կողմը հայտնում է ժամանակի մասին, կարող է լինել թույլատրելի ապացույց, քանի որ այդ իրավունքը նախատեսված է վկայագրին կից բյուրոյի կանոններով, ինչպես նաև ընկերությունների ինքնապատասխանիչների զգուշացման արդյունքում:

Բյուրոյի կանոններով սահմանված է առանձին դեպք, որ եթե

  • ապահովագրական պատահարում ներգրավված է միայն երկու ավտոտրանսպորտային միջոց,
  • վնաս է պատճառվել միայն այդ ավտոտրանսպորտային միջոցներին,
  • վնասի դիմաց ակնկալվող հատուցման չափը չի գերազանցում 100.000 ՀՀ դրամը,
  • պատահարի մասնակիցը ընդունում է, որ պատահարի առաջացման մեջ միակ մեղավորն ինքն է,

ապա պատահարում ներգրավված ավտոտրանսպորտային միջոցներն օրինական հիմքով տիրապետող անձինք փոխադարձ համաձայնությամբ կարող են, առանց ապահովագրողի լրացուցիչ համաձայնության, լրացնել համաձայնեցված հայտարարագիրը և որոշակի գործողություններ կատարելուց հետո նոր միայն զանգահարել ապահովագրական ընկերություն

Ամեն դեպքում անհրաժեշտ է անհապաղ զանգահարել ապահովագրական ընկերություն քանի որ օրենքի վերլուծությունից պարզ է դառնում, որ կողմերը, բացի վերոնշյալ պայմաններից, համաձայնեցված հայտարարագիր կարող են լրացնել միայն ընկերության համաձայնությունը ստանալուց հետո: Ստացվում է որ այնուամենայնիվ  կողմերը պետք է զանգահարեն անհապաղ ապահովագրական ընկերություն, և ստանան համաձայնությունը, հակառակ պարագայում ռիսկ կա, որ ընկերությունը կարող է այդպես էլ հայտարարագիր լրացնելու համաձայնություն չտալ, որի դեպքում կգործի վթարի մասին անհապաղ չտեղեկացնելու հնարավոր բացասական հետևանքները:

Եզրակացություններ

Այսպիսով պետք չէ կարծել, որ ապահովագրական ընկերությունը եթե Ձեր վնասը հատուցեց, ապա դրանով հարցը վերջացավ, որովհետև, ինչպես տեսանք, հարցը այդտեղ չի փակվում, և վճարված գումարները որոշ դեպքերում կարող են հետ պահանջվել Ձեզանից սուբրոգացիայի միջոցով։Նման խնդրի առջև հանկարծակի չկանգնելու համար պետք է ուշադիր լինել իրավաբանական առանձնահատկություներին։ Պատկերացրեք պատահարը նոր է տեղի ունեցել. դուք ունեք 40 րոպե ԱՊՊԱ-ին ահազանգելու համար և այդ արագ անցնող 40 րոպեում պետք է հիշեք, կշռադատեք և որոշումներ կայացնեք շատ սպեցիֆիկ իրավաբանական հարցերի շուրջ։ Եթե վթարի արդյունքում պատճառված վնասը առաջին հայացքից մեծ է երևում, ավելի լավ է արագ կապնվել Ձեր փաստաբանի հետ՝ հնարավոր ռիսկերը պրոֆեսիոնալ աչքով գնահատելու և ռիսկերը կանխարգելելու, դրանց դեմն առնելու համար։Այնուամենայնիվ, եթե սխալվել եք և ուշ զանգահարել, սա դեռ չի նշանակում որ ամեն ինչ կորած է. կան բազմաթիվ հանգամանքներ, որոնք կարող են Ձեզ պաշտպանել։

 

Ռուզաննա Աբրահամյանը «Elawphant» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկերն է, ՀՀ փաստաբանների պալատի անդամ է։

Փաստաբան Ռուզաննա Աբրահամյանը իրավական աջակցություն է տրամադրում ապահովագրական հարցերով. Կապվել Ռուզաննայի հետ.