Ինչպես վերադարձնել շահաբաժնից վճարած եկամտային հարկը

|

Cover Photo

Շահաբաժինները 2018թ.-ից սկսվել են հարկվել, բայց վճարված հարկի չափով հնարավոր է պետությունից փոխհատուցում ստանալ։

Հարկային օրենսգրքի 159 հոդվածի համաձայն՝ եթե շահաբաժինը վճարող ռեզիդենտ կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ներդրում եք կատարում շահաբաժնի ստացման հարկային տարվա ընթացքում, ապա կարելի է պետությունից ստանալ եկամտային հարկի փոխհատուցում։

Սա նշանակում է, որ կարելի է շահաբաժիններից վճարած հարկը հետ բերել դրա չափով ներդրում կատարելով սեփական ընկերությունում։

Իմացեք շահաբաժնից վճարված եկամտային հարկի փոխհատուցման վերաբերյալ բոլոր կարևոր հարցերի պատասխանները և խնդիրները այս ուղեցույցում։

Ուշադրություն, կարգավորող Կառավարության որոշման մեջ առկա են ոչ ճիշտ ձևակերպումներ, որոնք կարող են խոչընդոտել եկամտային հարկի վերադարձին. այդ մասին տե՛ս ներքևում։

Փոխհատուցումը ֆիզիկական անձանց համար է։

Շահաբաժնից վճարված հարկի փոխհատուցում ստանալու հնարավորությունը սահմանված է եկամտային հարկ վճարողների համար։

Եկամտային հարկ վճարողներ են համարվում ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք։

Հետևապես կազմակերպությունները, իրենց դուստր ընկերություններից ստացված շահաբաժանների դիմաց վճարած հարկի փոխհատուցման այս հնարավորությունը չունեն։

Այդ հնարավորությունն ունեն միայն ֆիզիկական անձ սեփականատերերը և բաժնետերերը։

Փոխհատուցման չափը

Հարկային օրենսգրքով սահմանված է, որ փոխհատուցվելու է ներդրման չափով, բայց ոչ ավել քան շահաբաժնից վճարված եկամտային հարկի գումարը։

Հայաստանի քաղաքացիների (կամ երկքաղաքացիների) շահաբաժնի եկամտային հարկը 5% է, իսկ քաղաքացիություն չունեցողների կամ օտարերկրյա քաղաքացիներինը՝ 10%։

Հետևապես այս հարկային արտոնությունից օգտվելու դեպքում հնարավոր է շահաբաժնից վճարված 5 կամ 10 տոկոս եկամտային հարկը հետ բերել:

Ավել կատարված ներդրումների համար պետությունից փոխհատուցում չի տրվում։

Ներդրումը կարող է կատարվել միայն կանոնադրական կապիտալում

Առաջին. Միայն կանոնադրական կապիտալում կատարված ներդրումների դեպքում կարելի է օգտվել հարկային արտոնությունից։

Այսինքն՝ փոխառություններ, կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալից դուրս գույքային և ոչ գույքային իրավունքներ կազմակերպությանը փոխանցելու, ակտիվները այդ եղանակով մեծացնելու դեպքում այս արտոնությունը չի գործելու։

Կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում չարտացոլված ներդրումների դեպքում փոխհատուցում չկա։

Ինչպես կարելի է նկատել, գործ ունենք ներդրման շատ նեղ իմաստ ունեցող հասկացության հետ։

Երկրորդ. Կանոնադրական կապիտալում ներդրման կատարումը պետք է իրականացվի օրենսդրությամբ սահմանված կարգով։

Սա նշանակում է, որ անհրաժեշտ է լինելու փոփոխել կազմակերպության կանոնադրությունը, ինչպես նաև սեփականատերերի կամ բաժնետերերի բաժնեմասերի կամ բաժնետոմսերի չափերը, կամ դրանց արժեքները, կամ քանակը։

Կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ներդրումը կարող է կատարվել մեկ, մի քանի կամ բոլոր մասնակիցների կողմից։

Սակայն պետք է հիշել, որ եթե կանոնադրական կապիտալում ներդրում անում են ոչ բոլոր մասնակիցները կամ բաժնետերերը, ապա ներդրում չանողների բաժինը, իսկ դրա հետ էլ՝ որոշում կայացնելու հնարավորությունը և ապագայում շահաբաժիններ ստանալու չափը, պակասելու է։

Այսպիսի դեպքերի համար օրենսդրությունը և կազմակերպության կանոնարությունները պահանջում են որոշումների կայացման բարձր քանակ կամ միաձայնություն։

Եթե այս որոշումները օրենքով սահմանված ճիշտ ընթացակարգով չիրականացվեն, ապա դա կարող է բաժնետերերի կամ մասնակիցների միջև վեճեր առաջացնել։

Բացի դրանից, հնարավոր է հարկային մարմիններն իրենք փորձեն վիճարկել կանոնադրական կապիտալում ներդրումների իրավաչափությունը (այդ թվում՝ ընթացակարգերի պահպանման տեսանկյունից)։

Եթե վեճի արդյունքում կանոնադրական կապիտալի ավելացումն անվավեր ճանաչվի, ապա դա կարող է հանգեցնել նաև փոխհատուցված հարկի վերադարձի և ոչ միայն։

Կարող են առաջանալ հարկային պատասխանատվություն վարչաիրավական և քրեաիրավական հետևանքներով։

Երրորդ. Կանոնադրական կապիտալի փոփոխությունները պահանջում են պետական գրանցում և առանց պետական գրանցման՝ դրանք իրականացնել հնարավոր չէ։

Իսկ բաժնետիրական ընկերությունների դեպքում ի լրումն պետական գրանցման, բաժնետոմսերի կամ կանոնադրական կապիտալի մեծացման կամ շատացման հետ կապված փոփոխությունները նաև ենթակա են գրանցման Ձեր կազմակերպության ռեեստրավարի կողմից։

Բացի պետական գրանցումից, Կառավարության 28 սեպտեմբերի 2017թ. N 1371-Ն որոշումով պահանջվում է, որ կանոնադրական կապիտալը վճարված լինի (որպես դրա ապացույց դիմումին կից ներկայացվում է, ի թիվս մյուս փաստաթղթերի, կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում կատարված գումարային ներդրումները հաստատող փաստաթուղթ, օրինակ՝ քաղվածք ընկերության բանկային հաշվից)։

Քանի դեռ կանոնադրական կապիտալի ներդրումը չի վճարվել, հարկային արտոնությունից օգտվելն անհնար է։

Այս փոփոխությունները ենթադրում են ծախսեր՝ պետական տուրքի և ռեեստրավարի ծառայությունների դիմաց վճարների տեսքով։

Հետևապես, եթե մտածում եք եկամտային հարկի վերադարձի մասին, ապա հաշվեք՝ կանոնադրական կապիտալի ավելացման համար կատարվելիք ծախսերը վերադարձվող եկամտային հարկի համեմատ մեծ են, թե՝ փոքր։

Ձեր ծախսերը կարող են համահավասար կամ ավելի մեծ լինել փոխհատուցվող եկամտային հարկի գումարից։

Infographic about dividend payback

Ծախսերը

Կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում փոփոխության կատարումը պետական ռեգիստրում ենթադրում է 10.000 դրամ պետական տուրք։

Եթե գործ ունենք բաժնետիրական ընկերության հետ, ապա բաժնային արժեթղթերի (փայերի) հաշվառման (սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման և պահպանման) համար ծառայության գինը տարբեր ռեեստր վարողների մոտ տարբեր է՝ կախված բաժնետերերի քանակից, բաժնետոմսերի քանակից և արժեքից, կանոնադրական կապիտալի չափից։

Կարող է լինել մի քանի հազար դրամից մինչեև մի քանի հարյուր հազար դրամ։

Ներդրողը պետք է դիմում ներկայացնի

Կառավարության 28 սեպտեմբերի 2017թ. N 1371-Ն որոշման համաձայն՝ շահաբաժնի համար վճարած եկամտային հարկի փոխհատուցումը տեղի է ունենում դիմումի հիման վրա։

Դիմումը և պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)։

Դիմումը և կից փաստաթղթերը ներկայացնում է սեփականատերը կամ բաժնետերը և փոխհատուցման իրավունք հենց նա ունի։

Անհրաժեշտ է չշփոթել. շահաբաժին վճարող կազմակերպությանը գումար չի փոխհատուցվում. գումարը փոխհատուցվում է բաժնետիրոջը կամ բաժնեմասի սեփականատիրոջը։

Եվ եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը չեք ներկայացրել, ապա եկամտային հարկը ավտոմատ չի փոխհատուցվելու։

Բացի դրանից, եկամտային հարկի փոխհատուցման դիմումը քննվելու է վարչական վարույթով, որի արդյունքում դիմումը կարող է նաև վերադարձվել թերությունները շտկելու համար կամ մերժվել։

Մերժման միակ հիմքը սահմանված ժամկետում փաստաթղթերը ամբողջական չներկայացնելն է։ Այլ հիմքով մերժում կառավարության նշված որոշմամբ չի նախատեսված։

Մերժման դեպքում էլ նորից դիմելու կամ վարչական ակտը բողոքարկելու իրավունք ունեք։

Դիմումը և կից փաստաթղթերը

Ահա թե ինչ պետք է ներկայացվի շահաբաժնի վճարից եկամտային հարկի փոխհատուցման համար։

Ըստ կառավարության 2017թ. N 1371-Ն որոշման՝ եկամտային հարկի փոխհատուցման համար անհրաժշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

1) եկամտային հարկի փոխհատուցման համար սահմանված ձևի դիմում.

2) անձը հաստատող փաստաթուղթ, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը (նույնականացման քարտը), իսկ օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում՝ օտարերկրյա քաղաքացու անձնագիրը կամ Հայաստանի Հանրապետությունում օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը, կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը.

3) հաշվետու տարվա ընթացքում ռեզիդենտ կազմակերպության կողմից ֆիզիկական անձին վճարված շահաբաժինների և դրանցից պահված եկամտային հարկի վերաբերյալ տեղեկանք.

4) հաշվետու տարվա ընթացքում անձանց կողմից Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում կատարված գումարային ներդրումների չափի վերաբերյալ լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկանք.

5) կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում կատարված գումարային ներդրումները հաստատող փաստաթուղթ.

6) բաժնեհավաք (փայահավաք) կապիտալում կատարված փոփոխությունների վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում կատարված գրառումը հավաստող գրանցամատյանի համապատասխան քաղվածքը:

Անճշտություններ կառավարության որոշման մեջ

Ուշադրություն! Կառավարության այս որոշման մեջ առկա են անճշտություններ, որոնց պատճառով եկամտային հարկը վերադարձնելու կարգը փաստացի հնարավոր չէ իրականացնել, և եկամտային հարկը հնարավոր չէ հետ ստանալ։

Դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկում (տես վերևում) 4-րդ կետում նշված լիազոր մարմնի տեղեկանքը, ըստ նույն կարգի, պետք է տրամադրվի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, իսկ բաժնետիրական ընկերությունների դեպքում՝ Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից։

Այս պահին իրավաբանական անձանց պետական ռեգիստրը չի տրամադրում նման տեղեկանք, իսկ Կենտրոնական դեպոզիտարիան չի մատուցում ռեեստրավարման ծառայություններ այլ ընդամենը վերահսկում է ռեեստրավարման ծառայություններ մատուցող կազմակերպություններին։ Հետևապես այս մարմիններից սահմանված ձևի տեղեկանք ստանալը խնդրահարույց է։

Առանց այդ տեղեկանքների՝ դիմումը ենթակա կլինի մերժման։

Բացի դրանից, նույն կարգի 6-րդ կետով սահմանված պետական միասնական գրանցամատյանում կատարված գրառումը հավաստող գրանցամատյանի համապատասխան քաղվածք Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից նույնպես չի տրամադրվում. դրա փոխարեն տրամադրվում է իրավաբանական անձի վերաբերյալ պետական ռեգիստրում պահվող և ինտերնետային կայքում տեղադրված ամբողջական տեղեկություն. դա մեկ միասնական տեղեկանք է ընկերության վերաբերյալ։

Եթե դիմողը ներկայացնի այս տեղեկանքը, ապա դա չի համապատասխանում Կառավարության որոշման կարգի պահանջներին։

Ուստի եկամտային հարկը փոխհատուցելու դիմումը նորից ենթակա կլինի մերժման։

Բացի դրանից, ըստ էության կարգով նախատեսվել է կանոնադրական կապիտալում ներդրման կատարման փաստի հաստատման համար երկու տեսակ փաստաթղթի ներկայացում։

Դրանք են սահմանված ձևի տեղեկանք կենտրոնական Պետ-ռեգիստրից կամ Կենտրոնական Դեպոզիտարիայից (կետ 4) և պետական ռեգիստրի գրանցամատյանի քաղվածք։

Սա չի բխում Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի առավելագույնի սկզբունքից և ավելնորդ ծանրաբեռնում է դիմորդին լրացուցիչ փաստաթղթեր հայթայթելու բեռով։

Հետևապես Կառավարության 2017թ. N 1371-Ն որոշման կարգը շտկելու անհրաժեշտություն ունի։

Ընթացակարգը

Նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո, եթե փաստաթղթերն ամբողջական չեն, ապա հարկային մարմինը առաջարկում է 10 աշխատանքային օրվա ընթացքում շտկել թերությունները։

Փոխհատուցման դիմումի բավարարման կամ մերժման որոշումն ընդունվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում, եթե փաստաթղթերն ամբողջական են, կամ թերությունների հարցը լուծվել է կամ դրա համար սահմանված ժամկետն ավարտվել է։

Այսինքն ընդհանուր առմամբ վարույթը պետք է տևի 5-15 օր։

Ինչ անել

Ի տարբերություն նախկին հարկային օրենսդրության՝ շահաբաժինները Հարկային օրենսգրքով սկսվել են հարկվել եկամտային հարկով։

Ինչպես կարելի է տեսնել, շահաբաժնից վճարված եկամտային հարկը հնարավոր է հետ ստանալ շահաբաժին վճարող ընկերության կանոնադրական կապիտալում ներդրում կատարելով և հարկային մարմնին սահմանված դիմում ներկայացնելով։

Պրակտիկայում, Կառավարության սահմանած կարգում առկա խնդիրների պատճառով, սա դառնում է անհնար։

Այս պահին պրակտիկայի վերաբերյալ տեղեկություններ չկան։ Եթե առնչվել եք այս հարցի հետ, տեղեկացրեք մեզ։

Ի՞նչ կարծիքի եք այս հարկային արտոնության վերաբերյալ։ Անպայման կիսվեք Ձեր կարծիքով ֆեյսբուքում և այլ սոցիալական ցանցերում։

Գևորգ Հակոբյանը «Elawphant» փաստաբանական գրասենյակի հիմնադիրն է, ղեկավար գործընկերը, ՀՀ փաստաբանների պալատի անդամ է:

Կապ հաստատեք մեզ հետ