Ինքնազբաղ անձանց հարկային արտոնությունները. ինֆոգրաֆիկա

|

2017թ. հունվարի 1-ից Հայաստանում գործում է «Ինքնազբաղ անձանց հարկային արտոնությունների մասին» օրենքը։ Օրենքը հնարավորություն է տալիս առանց հարկեր վճարելու և մի քանի այլ արտոնություններով զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ շուրջ 13 գործունեության տեսակներով և ենթատեսակներով։ Այս ամենը ներկայացնում ենք ստորև՝ գունավոր, սխեմատիկ ճկուն ինֆոգրաֆիկայի տեսքով։ Կարող եք նաև ներբեռնել ավելի համառոտ տարբերակը նկարի տեսքով։

Ինքնազբաղ անձնանց հարկային արտոնությունները

ինֆոգրաֆիկա. այն ամենն ինչ պետք է իմանալ արտոնության մասին

Ուշադրություն

Արտոնությունը չի գործում ինքնաբերաբար

Այն գործում է միայն, եթե օրենքով սահմանված կարգով դիմել եք հարկային մարմնին, ստացել արտոնություն և ՀՎՀՀ։

Արտոնությունները

  • Գործունեության սահմանված տեսակների համար հարկերից լրիվ ազատում, բացառությամբ
    • ապրանքների ներմուծման համար ԱԱՀ-ից.
    • ակցիզային հարկից.
    • հողի հարկից.
    • գույքահարկից.
  • Ձեռնարկատիրական գործունեության իրականացում առանց պարտադիր ԱՁ կամ իրավաբանական անձ գրանցելու, միայն ՀՎՀՀ ստանալով.
  • Հաշվետվություններ ներկայացնելու պարտականությունից ազատում.
  • Չեն հանդիսանում հարկային գործակալ (այսինքն այլ անձանց համար օրենքով սահմանված դեպքերում հարկեր չեն վճարում)։

Սահմանափակումները

Նախորդ օրացուցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների (բացառությամբ որպես վարձու աշխատող կատարած աշխատանքների) իրացումից հասույթը չպետք է գերազանցած լինի 9 000 000 դրամը.

Չի կարելի լինել համատեղ գործունեության պայմանագրի կողմ.
Բացառությամբ գյուղատնտեսական արտադրանքի արտադրության.

Գործունեության իրականացման համար չի կարող օգտագործվել անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը.

Արտոնության ընթացքում կարելի է զբաղվել բացառապես արտոնություն սահմանող նշված գործունեության տեսակներով.

Գործունեությունը չի կարող իրականացվել մեկից ավելի վայրում
Բացառությամբ եթե գործունեությունը՝ իր բնույթով պայմանավորված՝ իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակ է

Արտոնությունը ստանալու համար հարկավոր է հարկային մարմնի սահմանած ձևի դիմում ներկայացնել Ձեր հաշվառման վայրի հարկային մարմին։ Դիմումի ձևը սահմանված է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 25.02.2015թ. թիվ 22-Ն որոշմամբ։ 

Դիմումը ներկայացնում են գործունեության իրականացման որևէ ժամանակահատվածի (օրացուցային տարվա ընթացքում ընտրված ցանկացած ամսվա կամ մեկից ավելի ամիսների կամ օրացուցային տարվա կամ օրացուցային տարիների) համար մինչև տվյալ գործունեության տեսակն իրականացնելը կամ տվյալ գործունեության տեսակը շարունակելը։

ՀՎՀՀ-ն տրամադրվում է դիմումը ներկայացնելու օրը։

Արտոնագիրը տրամադրվում է դիմելու հաջորդ օրը։

Արտոնությունը կիրառվում է դիմումի ներկայացման օրը ներառող ամսվանից սկսած

Գործունեության տեսակները

  1. Բնակչության պատվերով կատարվող`
    1. կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի և կաշվե գալանտերեայի պարագաների արտադրություն, կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում
    2. հագուստի արտադրություն և նորոգում
    3. գլխարկների արտադրություն և նորոգում
    4. գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրություն և նորոգում
    5. փայտյա իրերի պատրաստում, կահույքի և տան կահավորանքի նորոգում
    6. ոչ թանկարժեք զարդերի արտադրություն և նորոգում
    7. համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում
    8. հեծանիվների և հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում
    9. տնտեսական և գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն
    10. այլ ճենապակե և խեցեգործական արտադրատեսակների արտադրություն
    11. թիթեղագործական գործունեություն
  2. Ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում
  3. Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ
  4. Լեզուների ուսուցման դասընթացներ
  5. Բարձրագույն և այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ
  6. Պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն
  7. Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն, կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն
  8. Ստեղծագործական գործունեություն
  9. Խնջույքավարների գործունեություն
  10. Կրթական գործունեություն և արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության և սպորտի բնագավառում
  11. Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար
  12. Դարբնոցային գործունեություն
  13. Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում:

Արտոնության դադարումը և իրավական հետևանքները


Կարող են առաջանալ հարկային պարտավարություններ և տուգանքներ, ինչպես նաև վարչական կամ քրեական այլ պատասխանատվություն:

Ընթացիկ օրացուցային տարվա ընթացքում 9 000 000 ՀՀ դրամի շեմը գերազանցելու կամ նշված որևէ սահմանափակում խախտելու պահից հարկային արտոնությունը դադարում է, այդ պահից սկսած՝ հարկերը հաշվարկվում ու վճարվում են հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով. այսինքն՝ առանց արտոնության կիրառման։

Եթե ինքնազբաղված անձը իր գործունեության իրականացման ժամանակ օգտագործել է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը, և այն չի ձևակերպել, ապա կրում է նաև աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելու մասով գործատուների համար օրենքով սահմանված պատասխանատվության ռիսկ, ինչպես նաև դիտվելու է որպես տվյալ աշխատողի հարկային գործակալ, և պատասխանատվության ռիսկեր է կրելու որպես հարկային գործակալ հարկերը և պարտադիր այլ վճարները չվճարելու համար

«Ինքնազբաղ անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ Օրենքը ուժի մեջ է մտել 2017թ. հունվարի 1-ից