Կրիպտոարժույթների կարգավորումը Հայաստանի օրենսդրությունում

|

Տարածված տեսակետ կա, որ կրիպտոարժույթները Հայաստանում կարգավորված չեն։

Բայց արդյո՞ք կրիպտոարժույթները իսկապես Հայաստանում կարգավորված չեն։

Իրավունքում կա լրիվության (completeness) հասկացություն:

Դա նշանակում է, որ իրավական համակարգում չկան երևույթներ, որոնք օրինական կամ ապօրինի չեն։ Այսինքն՝ չի կարող գոյություն ունենալ մի երևույթ, որը չունի իրավաբանական համատեքստ և համապատասխան կարգավորումներ։

Կրիպտոարժույթների վերաբերյալ հատուկ իրավական կարգավորումներ Հայաստանի օրենսդրությունում իսկապես չկան։

Բայց կան ընդհանուր իրավական կարգավորումներ, որոնք պետք է հաշվի առնել, երբ գործ ունեք կրիպտոարժույթների հետ։

Այստեղ մենք միասին կփորձենք հասկանալ, թե ինչ է կրիպտոարժույթը Հայաստանի օրենսդրության համաձայն Բիթքոինի օրինակով, և ինչ իրավական կարգավորումներ է պետք հաշվի առնել կրիպտոարժույթներ օգտագործելիս։

Մինչև բուն վերլուծությանն անցնելը, հաշվի առեք, որ այս նյութը չի գրված այնպիսի կրիպտոարժույթների համար, ինչպիսին է օրինակ՝ Ռիփլը։

Այս հոդվածի նպատակը չէ բացատրել՝ ինչ է Բիթքոինը կամ որքանով է այն դրական կամ բացասական երևույթ։

Մենք միայն ուզում ենք հասկանալ, թե ինչպիսի իրավական կարգավիճակ այն ունի Հայաստանի օրենսդրության համատեքստում։

Կարճ, Բիթքոինի մասին

Բիթքոինը ստեղծված է որպես peer-to-peer էլեկտրոնային «դրամի» համակարգ։ Ուշադիր եղեք չշփոթել՝ Բիթքոինը իսկական դրամ չէ, այն պետության և բանկային համակարգի հետ կապ չունի, այլ մասնավոր բնույթի և բացառապես թվային տեսք ունեցող փոխանակման միջոց է։

Եթե փորձենք շատ պրիմիտիվ և ոչ տեխնիկական լեզվով բացատրել peer-to-peer-ը դա էլեկտրոնային ցանց է, որտեղ յուրաքանչյուր մասնակից՝ peer (կամ node) ուղղակի կապ է հաստատում մյուս մասնակցի հետ՝ առանց կենտրոնական համակարգի։

Պատկերացրեք Ձեր համակարգիչը ուղղակի կապ է հաստատում մեկ ուրիշի համակարգչի հետ՝ առանց որևէ կենտրոնական սերվերի։

Այս համակարգը թույլ է տալիս փոխանցել տեղեկատվություն մեկ մասնակցից մյուսին՝ առանց դիմելու երրորդ անձի։

Իսկ այս համակարգով դրամական փոխանցում անելու դեպքում նույն կերպ վերանում է ֆինանսական հաստատության դիմելու կարիքը։ Նման է գրպանից կանխիկ վճարելուն։

Ի տարբերություն կանխիկ դրամի կամ բանկային փոխանցման, միջոցի առկայությունը վճարողի մոտ և դրա փոխանցումը մյուս կողմին հաստատում է ոչ թե պետությունը կամ բանկը, այլ peer-to-peer համակարգի մասնակիցները։

Peer-to-peer համակարգի բոլոր մասնակիցները ունեն բոլոր գործարքների ամբողջական պատմությունը, որը հանրամատչելի է, և կրիպտոգրաֆիական գաղտնագրման շնորհիվ համակարգում զեղծարարություններ անել կամ Բիթքոինը «կրկնակի ծախսել» տեխնիկապես գրեթե անհնար է։

Եթե փորձենք մեխանիզմը պարզ բացատրել, ապա յուրաքանչյուր մասնակից ունի անձնական բանալի (privete key ), որը գաղտնի է։ Բիթքոինով վճարում կատարելիս այդ բանալին օգտագործելով` մասնակիցը թվային ստորագրություն է դնում նախորդ գործարքի յուրահատուկ տառաթվային ֆիքսված կոդի (hash) և բիթքոինը ստացողի հանրային բանալիի վրա (public key). հանրային բանալին հանրամատչելի է, բայց կարող է լինել ապանձնավորված։

Փոփոխված գրանցամատյանը ուղարկում է ցանցի մյուս բոլոր մասնակիցներին։ Ստացողը կարող է ստուգել ստորագրությունները՝ բիթքոինի տիրապետման պատմության շղթան ստուգելու միջոցով։

Կրկնակի ծախսումը կանխելու համար, ցանցի մասնակիցների մի մասի համակարգիչները, որը կոչվում է արդյունահանողներ (miners) բարդ ալգորիթմների միջոցով ստուգում են փոխանցումների պատմությունը և գաղտնագրված տեղեկության իսկությունը և հաստատում դրանք, որից հետո տվյալ փոխանցումը ավելանում է փոխանցումների պատմության շղթայի մեջ (տե՛ս Սատոշիի հոդվածը առցանց՝ Bitcoin: A Peer-to-Peer Electronic Cash System

Որքան երկար է պատմությունների շղթան, այնքան տեխնիկապես ավելի դժվար է այն փոփոխել, որովհետև փոփոխության համար ահրաժեշտ է փոփոխել մյուս գործարքների պատմությունները։ Սա տեխնիկապես գրեթե անհնար է։

Մայնինգի դիմաց Բիթքոինի համակարգը արդյունահանողի հաշվին ստեղծում է նոր Բիթքոիններ` նրանց շահագրգռելով հաստատել բիթքոինների գործարքները։

Այսպիսով, Բիթքոինը գաղտնի և ոչ գաղտնի տեղեկատվության փոխանակման համակարգ է, որով հնարավոր է իրականացնել բիթքոինների փոխանակում բիթքոինների կամ այլ բարիքների հետ՝ փոխադարձ համաձայնության հիման վրա։

Այժմ մենք կփորձենք հասկանալ, թե այսպիսի համակարգը Հայաստանի օրենսդրության համատեքստում որպես ինչ կարող է դիտարկվել և ըստ դրա՝ ինչպիսի կարգավորումների է ենթարկվում։

Ինչ ՉԷ կրիպտոարժույթը Հայաստանի օրենսդրության համատեքստում

Ինչպես մյուս երկրներում, այնպես էլ Հայաստանում, կրիպտոարժույթները ներպետական օրենսդրությունում որակելը որոշակի խնդիրներ է առաջացնում։

Քաղաքացիական օրենսգրքի 132 հոդվածով սահմանված են հետևյալ քաղաքացիական իրավունքների օբյեկտների տեսակները.

  1. գույքը` ներառյալ դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները.
  2. աշխատանքները և ծառայությունները.
  3. տեղեկատվությունը.
  4. մտավոր գործունեության արդյունքները` ներառյալ դրանց նկատմամբ բացառիկ իրավունքները (մտավոր սեփականություն).
  5. ոչ նյութական բարիքները:

Փորձենք կրիպտոարժույթը դիտարկել յուրաքանչյուրի ներքո։

Կրիպտոարժույթը գույք չէ

Քաղաքացիական օրենսգրքում գույքի սահմանում չկա. մենք միայն կարող ենք պնդել, որ այն ներառում է դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները, բայց ոչ միայն դրանք. տեսականորեն կարող է նաև ներառել այլ գույքի տեսակներ։

Ընդունված է, որ գույքը արտաքին նյութական աշխարհի առարկա է. արդյո՞ք կարելի է կրիպտոարժույթը համարել գույք։

Եթե այն գույք է, ապա արդյո՞ք այն դրամական միջոց է, արժեթուղթ կամ գույքային իրավունք։

Կրիպտոարժույթը դրամական միջոց չէ

Հայաստանի օրենսդրության տեսանկյունից Կրիպտոարժույթները դրամական միջոցներ չեն։

«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքի 3-րդ հոդվածի համատեքստում, «արժութային արժեքներ» համարվող գույքի տեսակներ են.

  1. Հայաստանի Հանրապետության արժույթը` Հայաստանի Հանրապետության դրամը,
  2. Հայաստանի Հանրապետության արժույթով արտահայտված վճարային արժեթղթերը,
  3. օտարերկրյա արժույթը (արտարժույթը),
  4. արտարժույթով արտահայտված վճարային արժեթղթերը,
  5. բանկային ոսկին,
  6. նշված արժութային արժեքներից բխող իրավունքներն ու պարտավորությունները, որոնք ունեն փողային արտահայտություն.

Կրիպտոարժույթը չի կարող համարվել Հայաստանի արժույթ, որովհետև ըստ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքի նույն հոդվածում տրված սահմանումների՝ Հայաստանի արժույթը պետք է ունենա կամ Կենտրոնական բանկի թողարկած թղթադրամների և մետաղադրամների տեսք, կամ Հայաստանի կամ օտարերկրյա բանկային հաշիվներում և ավանդներում առկա Հայաստանի դրամով արտահայտված միջոցների տեսք։

Ոչ էլ կրիպտոարժույթը կարող է համարվել արտարժույթ, որովհետև ըստ նույն հոդվածի սահմանումների՝ այն պետք է հանդիսանա օրինական վճարամիջոց հանդիսացող թղթադրամ կամ մետաղադրամ, կամ բանկային հաշիվներում և ավանդներում գտնվող օտարերկրյա պետությունների դրամական միավորներով կամ միջազգային դրամական միավորներով արտահայտված միջոց։

Կրիպտոարժույթն այս սահմանումների համատեքստում արժույթ չի հանդիսանում, որովհետև այն պետական դրամով կամ բանկային հաշիվներում կամ ավանդներում գտնվող միջոցներով չի արտահայտված։

Եվ եթե նույնիսկ օտարերկրյա պետությունում այն օրինական է, պետության կողմից թույլատրվել է շրջանառության մեջ, Հայաստանի օրենսդրության համատեքստում այն միևնույն է արտարժույթ չի ստացվի որակել։

Կրիպտոարժույթը վճարման համակարգ չէ

«Վճարահաշվարկային համակարգի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ վճարահաշվարկային համակարգը վճարային գործիքների, քլիրինգի իրականացման, միջոցների փոխանցման և վերջնահաշվարկի կատարման ընդհանուր կանոնների, ընթացակարգերի և վերջիններս ապահովող տեխնիկածրագրային միջոցների ամբողջությունն է, որի միջոցով ապահովվում է վճարման կատարումը շահառուին։

Վճարային գործիքը թղթային, էլեկտրոնային, ձայնային կամ այլ եղանակով ներկայացված հաղորդագրություն է, փաստաթուղթ կամ համաձայնություն, որը, անկախ օգտագործման, կիրառման կամ իրականացման ձևից ու եղանակից, հնարավորություն է ընձեռում դրա տիրապետողին կամ օգտագործողին կատարելու վճարումներ։

Վճարումն, ըստ նույն օրենքի, դրամական պարտավորության կատարում է։

Ինչպես կարելի է տեսնել Կրիպտոարժույթը հնարավոր չէ որակել որպես վճարման համակարգ, որովհետև «վճարման» հասկացությունը նորից կապված է դրամական պարտավորության կատարման հետ, մինչդեռ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքի իմաստով, ինչպես տեսանք վերևում, կրիպտոարժույթը դրամ չէ և չի ենթադրում դրամական պարտավորություն։

Նույն կերպ այն չի լինում որակել որպես վճարային գործիք։

Կրիպտոարժույթն արժեթուղթ չէ

Ըստ քաղաքացիական օրենսգրքի 146 հոդվածի՝ արժեթուղթը, սահմանված ձևի և պարտադիր վավերապայմանների պահպանմամբ, գույքային իրավունքները հավաստող փաստաթուղթ է, որի իրականացումը կամ փոխանցումը հնարավոր է միայն այն ներկայացնելիս։

Լինում է վճարային, ներդրումային և տիտղոսային տեսակների։

Նախ կրիպտոարժույթը օրենսդրորեն սահմանված ձև և պարտադիր վավերապայմաններ չունի. հետո, այն գույքային իրավունքներ չի արտահայտում (տե՛ս ներքևում)։

Վճարային արժեթղթեր են չեկը, հասարակ մուրհակը և փոխանցելի մուրհակը (վճարագիրը)։

Չեկը գրավոր կարգադրություն է բանկին. մուրհակով հավաստվում է պարտավորություն։ Կրիպտոարժույթին սրանք բնորոշ չեն, որովհետև այն իր բնույթով կապ չունի բանկերի հետ, ընդհակառակը աշխատում է peer-to-peer, և երկրորդը այն իր մեջ չի ներառում պարտավորություններ։

Կրիպտոարժույթը նաև չի պարունակում արժութային արժեքներից բխող իրավունքներ ու պարտավորություններ և չունի փողային արտահայտություն, ինչպես դա ցույց տվեցինք կրիպտոարժույթը արժույթների վերաբերյալ կարգավորումների համատեքստում քննարկելիս։

Մյուս արժեթղթերի համատեքստում կրիպտոարժույթը ներդրումային (ինվեստիցիոն) արժեթուղթ չէ, և ոչ էլ տիտղոսային արժեթուղթ է։

Ներդրումային արժեթղթերը պարտատոմսերն են, բաժնետոմսերը և ներդրումային ֆոնդի փայերը (տե՛ս Քաղաքացիական օրեսգրքի 153 հոդվածը)։

Մինչդեռ կրիպտոարժույթները, ի տարբերություն նշված ներդրումային արժեթղթերի, չեն ենթադրում անվանական արժեքի կամ գույքային այլ համարժեքի ստացման, տոկոսի կամ այլ գույքային իրավունքների ստացման իրավունք։

Ոչ էլ ենթադրում են շահույթից շահութաբաժնի ձևով մաս ստանալու իրավունք կամ կառավարման մասնակցություն, ոչ էլ գույքից մաս ստանալու իրավունք։

Կրիպտոարժույթը նաև չի հավաստում ֆոնդի ակտիվներում փայամասնակցության իրավունք։

Կրիպտոարժույթները տիտղոսային արժեթղթեր էլ չեն, որովհետև այդպիսիք են կոնոսամենտը (ապրանքը տնօրինելու մասին փաստաթուղթը), երկակի պահեստային վկայագիրը (կազմված պահեստային վկայագրից և գրավային վկայագրից) և հասարակ պահեստային վկայագիրը (հավաստում է ապրանքային պահեստի կողմից ապրանքն ի պահ ընդունելը) (տե՛ս Քաղաքացիական օրենսգրքի 158-161 հոդվածները)։

Այսպիսով, կրիպտոարժույթները մեր օրենսդրությամբ արժեթղթեր չեն համարվում։

Կարո՞ղ ենք կրիպտոարժույթը դիտել գույքային իրավունք

Քաղաքացիական օրենսգրքի 170 հոդվածում սահմանված են գույքային իրավունքները. դրանք են.

  1. հողամասի կառուցապատման.
  2. գույքի օգտագործման.
  3. սերվիտուտի, ներառյալ՝ անձնական սերվիտուտի.
  4. գրավի.
  5. կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք:

Կրիպտոարժույթները սրանցից ոչ մեկը չեն։

Հետևապես այն գույքային իրավունք դիտել նույնպես հնարավոր չէ։

Ակնհայտ է նաև, որ կրիպտոարժույթը բանկային ոսկի չի։

Կրիպտոարժույթը ոչ նյութական բարիք չէ

Ըստ Քաղաքացիական օրենսգրքի 162 հոդվածի՝ ոչ նյութական բարիքներն են անձի կյանքը և առողջությունը, արժանապատվությունը, անձնական անձեռնմխելիությունը, պատիվն ու բարի անունը, գործարար համբավը, մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը, անձնական ու ընտանեկան կյանքի գաղտնիությունը, ազատ տեղաշարժվելու, բնակվելու և գտնվելու վայր ընտրելու իրավունքը, անվան իրավունքը, հեղինակության իրավունքն ու քաղաքացուն ի ծնե կամ օրենքի ուժով պատկանող այլ անձնական ոչ գույքային իրավունքները և ոչ նյութական բարիքները:

Անձնական ոչ գույքային իրավունքների առանձնահատկությունն այն է, որ այդպիսի իրավունքը անխզելորեն կապված է դրանք կրողի անձի հետ և այդ իրավունքները չեն կարող օտարվել կամ փոխանցվել։

Ակնհայտորեն կրիպտոարժույթը սրանցից չէ, ուստի ոչ նյութական բարիք չի կարող լինել։

Աշխատանք կամ ծառայություններ

Աշխատանքի կամ ծառայությունների սահմանում Քաղաքացիական օրենսգրքում նույնպես չկա։

Կան կապալի, ծառայությունների մատուցման և աշխատանքային պայմանագրերի սահմանումներ, որոնց ներքո աշխատանքը և ծառայությունները պարտավորությունն են, որոնց դիմաց մյուս կողմը ունի դրամ վճարելու պարտավորություն։

Կրիպտոարժույթը պայմանագիր և պարտավորություններ չի ենթադրում, ուստի աշխատանք կամ ծառայություն Քաղաքացիական օրենսգրքի տեսանկյունից չի ներկայացնում։

Կրիպտոարժույթը որպես մտավոր գործունեության արդյունք

Մտավոր գործունեության արդյունքն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված դեպքերում ու կարգով ճանաչված իրավունք է, ունի հստակ տեսակներ։

Ըստ Քաղաքացիական օրենսգրքի 1100 հոդվածի՝ մտավոր սեփականության օբյեկտներ են մտավոր գործունեության արդյունքները և քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անհատականացման միջոցները:

Մտավոր գործունեության արդյունքներ են`

  1. գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունները.
  2. կատարումները, հնչյունագրերը (ֆոնոգրամաները) և հեռարձակող կազմակերպությունների հաղորդումները.
  3. գյուտերը, օգտակար մոդելները, արդյունաբերական նմուշները.
  4. սելեկցիոն նվաճումները.
  5. ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաները.
  6. չբացահայտված տեղեկատվությունը` ներառյալ արտադրության գաղտնիքները (նոու-հաու).
  7. բույսերի սորտերը:

Քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անհատականացման միջոցներ են`

  1. ֆիրմային անվանումները.
  2. ապրանքային նշանները (սպասարկման նշանները).
  3. աշխարհագրական նշումները, ծագման տեղանունները և երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումները։

Կրիպտարժույթը մտավոր սեփականության նշված օբյեկտներից ոչ մեկին չի համապատասխանում, բացառությամբ, որ իր բնույթով տեղեկատվություն է։

Տեղեկատվությունը տեխնիկապես ամենահարմարն է բնորոշում կրիպտոարժույթը և մեզ հետաքրքրում է կրիպտոարժույթը Հայաստանի օրենսդրության տեսանկյունից որակելու համար։

Կրիպտոարժույթը որպես չբացահայտված տեղեկատվություն

Տեխնիկապես կրիպտորժույթը «տվյալների բազայում սահմանափակ տվյալներ են, որոնք կարող են փոփոխվել միայն որոշակի պայմանների պահպանմամբ» (տե՛ս օրինակ՝ What is Cryptocurrency: Everything You Need To Know [Ultimate Guide]

Այսինքն իր բնույթով կրիպտոարժույթը կրիպտոգրաֆիական տեղեկատվություն է, որն իր հերթին օգտագործվում է որպես փոխանակման միջոց նույն հաջողությամբ, ինչպես և ցանկացած այլ փոխանակման միջոց։

Ինչպես կարելի է նկատել, տեղեկատվությունը Քաղաքացիական օրենսգրքի 132 հոդվածի իմաստով ինքնուրույն քաղաքացիական իրավունքի օբյեկտ է, իսկ 1100 հոդվածի իմաստով ներառում է, բայց չի նույնականացվում արտադրության գաղտնիքի հետ (նոու-հաու). այն ավելի լայն հասկացություն է։

Տեղեկատվության իրավական կարգավորման համատեքստում Քաղաքացիական օրենսգրքում ունենք «ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկատվության» հասկացությունը (հոդված 141) և «չբացահայտված տեղեկատվության» հասկացություն, որի համար կա իրավական պաշտպանություն, եթե այն հանդիսանում է 141 հոդվածով սահմանված գաղտնիք (հոդված 1164)։

Եթե այն չի հանդիսանում 141 հոդվածով սահմանված գաղտնիք, այն չի պաշտպանվում, բայց չի դադարում լինել չբացահայտված տեղեկատվություն։

Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 141 հոդվածի՝ տեղեկատվությունը ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք է, եթե այն երրորդ անձանց անհայտ լինելու ուժով ունի իրական կամ հնարավոր առևտրային արժեք, չկա օրինական հիմքերով այն ազատորեն ստանալու հնարավորություն և տեղեկատվություն ունեցողը միջոցներ է ձեռնարկում դրա գաղտնիության պահպանման համար:

1164 հոդվածի ներքո չբացահայտված տեղեկատվություն է տեխնիկական, կազմակերպչական կամ առևտրային տեղեկատվությունը, որն անհայտ է երրորդ անձին և պաշտպանվում է, եթե համապատասխանում է նշված 141 հոդվածով սահմանված ծառայողական, բանկային կամ առևտրային գաղտնիքի պայմաններին։

Կրիպտոարժույթը չի կարող դիտվել ծառայողական կամ բանկային գաղտնիք, որոնք հստակ սահմանված են օրենքով։

Բայց կարո՞ղ է արդյոք դիտվել առևտրային գաղտնիք։

Կրիպտոարժույթն իր բնույթով տեղեկատվություն է (ինֆորմացիա)։

Անձնական բանալին (private key) երրորդ անձանց անհայտ է։

Երրորդ անձանց անհայտ լինելու ուժով էլեկտրոնային դրամապանակում բիթքոինի տիրապետման ներքո հաշվեգրված բիթքոիններն ունեն առևտրային արժեք, որովհետև կարող են «ծախսվել» որպես փոխանակման միջոց. և չկա տեխնիկապես այն ազատորեն ստանալու հնարավորություն։

Իսկ կրիպտոարժույթը տիրապետողը միջոցներ է ձեռնարկում դրա գաղտնիության պահպանման համար՝ չբացահայտելով իր անձնական բանալին (private key)։

Քանի որ Բիթքոինի համակարգի ցանկացած տարր ինքնին ինքնուրույն վերցրած արժեք չունի առանց համակարգի, հետևապես և Բիթքոինն ամբողջությամբ կարելի է համարել առեևտրային գաղտնիք։

Իսկ եթե նույնիսկ կրիպտոարժույթը Քաղաքացիական օրենսգրքի իմաստով առևտրային գաղտնիք չդիտարկենք, այն միևնույն է, նույն օրենսգրքի իմաստով չբացահայտված տեղեկատվություն է, որը պարզապես չունի քաղաքացիաիրավական պաշտպանություն։

Կրիպտոարժույթը իրավաբանորեն «մտավոր գործունեության արդյունքի» տեսակ է։

Կրիպտոարժույթի որպես դրամ օգտագործելու իրավական առանձնահատկությունները

Չնայած կրիպտոարժույթը դրամ որակել չի ստացվում, սակայն «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքի որոշ սահմանափակումներ՝ կապված կրիպտոարժույթով գնանշման և այն որպես դրամ օգտագործելու հետ, կիրառելի են։

«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածներով նախատեսված է, որ, բացառությամբ որոշ դեպքերի, Հայաստանի տարածքում գնանշում կարող է կատարվել միայն ՀՀ դրամով։ Սա նշանակում է, որ ինչպես չի թույլատրվում գնանշում անել արտարժույթով կամ նույնիսկ ոսկով և կարտոֆիլով, հավասարապես չի թույլատրվում գնանշում իրականացնել նաև կրիպտոարժույթով։

Նույն սահմանափակումները կան նաև գործարքների մասով. ավելին, արտարժույթով գործարքների իրականացման դեպքերը օրենքով ուղղակի թույլատրված են, մինչդեռ կրիպտոարժույթով գործարքների իրականացումը թույլատրված չէ։

Այսինքն գործում է ընդհանուր կանոնը, որը կրիպտոարժույթով գործարքներ Հայաստանի տարածքում չի թույլատրում։

Բայց եթե տարածքը Հայաստանի տարածքը չէ, ապա այս սահմանափակումը և դրա հետևանքները չեն կիրառվում։

Հայաստանի Հանրապետության տարածքի սահմանում նշված օրենքում չկա։

Արժութային կարգավորման նշված պահանջները խախտելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 165 հոդվածով սահմանված է տուգանք` խախտման գումարի չափով, բայց ոչ պակաս, քան 2.000.000 դրամը, ընդ որում` յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է մեկ խախտում:

Իրավախախտումից հետո այն կրկին կատարելու համար ավելի բարձր տուգանք է նախատեսված։

Կրիպտոարժույթների հարկային առանձնահատկությունները

Հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի համաձայն՝ ակտիվ է համարվում հարկ վճարողին սեփականության իրավունքով պատկանող ցանկացած գույք, գույքային իրավունք և անձնական ոչ գույքային իրավունք. ոչ նյութական ակտիվ է նյութական հիմք չունեցող ակտիվ, բացառությամբ դրամական միջոցների, ֆինանսական ակտիվների և գուդվիլի։

Քաղաքացիական օրենսգրքի համատեքստում տեղեկատվությունը գույք, գույքային իրավունք և անձնական ոչ գույքային իրավունք չէ։

Գաղտնի տեղեկատվությունը անձնական ոչ գույքային իրավունք չէ, որովհետև անխզելիորեն չի կապված անձի հետ և կարող է փոխանցվել. անձը կարող է իր հաշվից փոխանցել բիթքոինները այլ անձի հաշվին և առհասարակ կարող է ուրիշի տալ անձնական բանալին (private key)։

Հարկային օրենսգրքով տեղեկատվությունը որպես ոչ նյութական ակտիվ մնացել է կարգավորումից դուրս, թեև մտավոր սեփականության արդյունքները հաշվապահական ստանդարտների համաձայն ոչ նյութական ակտիվներ են (տե՛ս օրինակ` IAS 38 ստանդարտը):

Հետևապես, չնայած առկա է նշված անճշտությունը, հավանական է, որ հարկային օրենսդրության համատեքստում գաղտնի տեղեկատվությունը դիտվելու է ոչ նյութական ակտիվ։

Ուստի կրիպտոարժույթի կարգավիճակը նույնպես ոչ նյութական ակտիվի կարգավիճակ է։

Ֆիզիկան անձանց դեպքում ռոյալթին հարկ վճարողի մտավոր սեփականության և այլ ոչ գույքային իրավունքների օգտագործումից ստացված կամ ստացման ենթակա եկամուտ է: Ռոյալթի է համարվում մասնավորապես գյուտերի, արտոնագրերի, հեղինակային իրավունքի` գրականության, գիտության կամ արվեստի, ներառյալ՝ հեռուստատեսության կամ ռադիոհաղորդակցության համար կինոֆիլմեր, աուդիո և տեսաձայնագրություններ, համակարգչային ծրագրերի, վկայագրի, ապրանքային նշանի, գծագրի կամ մոդելի, սխեմայի, գաղտնի բանաձևի կամ գործընթացի կամ արդյունաբերական, առևտրային կամ գիտական տեղեկատվության կամ փորձի օգտագործման համար եկամուտը:

Ռոյալթին հարկվում է 10%-ով։

Սակայն որոշակի խնդիր է առաջացնում ռոյալթիի սահմանման մեջ տրված «օգտագործումից» և «օգտագործման համար» բառերը։

Դասական մտավոր սեփականության դեպքում (ինչպես օրինակ՝ հեղինակային իրավունքները) դրանք ունեն անձնական ոչ գույքային և գույքային իրավական կոմպոնենտ՝ անձի հետ անխզելիորեն կապված են, բայց կարող են տրվել օգտագործման։ Կրիպտորժույթների դեպքում պարզ չէ, թե ինչը կարող է դիտակվել կրիպտոարժույթի օգտագործում։ Բայց եթե որևէ գործունեություն դիտարկվի կրիպտոարժույթի օգտագործում, ապա դրանից ստացված եկամւտը ռոյալթի է և ենթակա է հարկման 10%-ով։

Իրավաբանական անձանց դեպքում, եթե կրիպտոարժույթը դիտվում է ոչ նյութական ակտիվի ձեռքբերում կամ օտարում, ենթակա է հարկման ընդհանուր կարգով։

Իրավաբանական անձանց դեպքում եթե կրիպտոարժույթը դիտվում է ոչ նյութական ակտիվի ձեռքբերում կամ օտարում, ենթակա է հարկման ընդհանուր կարգով։

Կրիպտոարժույթների վերաբերյալ սպասվող օրենսդրությունը

Ազգային ժողովում քննարկվում է «Թվային տեխնոլոգիաների զարգացման մասին» օրենքի նախագիծ (տե՛ս Պ-253-05.02.2018-ՖՎ-011/0 օրենքի նախագիծը)։

Ըստ նախագծի՝ կրիպտոարժույթը սահմանվում է որպես բացառապես թվային եղանակով հասանելի ակտիվ։ Թե ակտիվի որ տեսակին է պատկանում, չի մասնավորեցվում։

Նախագծով մայնինգը չի պահանջում որևէ պետական թույլտվություն կամ լիցենզիա։ Սա կարող էին նախագծում չգրել, որովհետև այսպես թե այնպես դա պետական թույլտվություն կամ լիցենզիա չի պահանջում։

Նախագծով նաև սահմանվում է, որ մինչև օրենքի ուժի մեջ մտնելը և դրանից հետո մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը մայնինգով զբաղվելը որևէ տեսակի հարկով հարկման ենթակա չէ։

Բայց նախագծով հարկերից չեն ազատվում կրիպտոարժույթով գործարքները։

Եզրակացություններ

Այսպիսով, մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդրության տառացի մեկնաբանության դեպքում Բիթքոինը չբացահայտված տեղեկատվություն է։

Որպես վճարման միջոց՝ կրիպտորժույթի շրջանառությունը Հայաստանի տարածքում արգելված է և պարունակում է խոշոր տուգանքի ռիսկ։

Հարկային հարաբերությունների համատեքստում կրիպտոարժույթը կարող է դիտվել ոչ նյութական ակտիվ և ենթակա է հարկման։

Կրիպտոարժույթների իրավական կարգավիճակի վերաբերյալ ազգային ժողովում քննարկվող նախագիծը, բացի մայնինգը հարկերից ազատելուց, այլ խնդիր չի լուծում։

Իսկ Դուք ի՞նչ եք կարծում, ի՞նչ իրավական կարգավորումներ պետք է ստանան կրիպտոարժույթները Հայաստանում։

Գևորգ Հակոբյանը «Elawphant» փաստաբանական գրասենյակի հիմնադիրն է, ղեկավար գործընկերը, ՀՀ փաստաբանների պալատի անդամ է:

Կապ հաստատեք մեզ հետ