Հանրագիր. դատարանը թեթևացնել ամուսնալուծության գործերից

|

Ընդհանուր իրավասության դատարանները տարեկան քննում են 1600-1800 ամուսնաընտանեկան դատական գործ, որոնց մոտ կեսը (շուրջ 800 գործ) վերաբերում է բացառապես ամուսնալուծությանը. դրանցով չի քննվում ո՛չ ալիմենտի, ո՛չ երեխաների, ո՛չ գույքի, ո՛չ ամուսնության անվավերության վերաբերյալ որևէ վեճ։

Բացառապես ամուսնալուծության պահանջը, եթե ամուսնությունն անվավեր չէ կամ չի կատարվում կնոջ հղիության ընթացքում, անխտիր բավարարվում է, որովհետև ամուսնալուծությունը մերժելու այլ իրավական հիմք չկա։

Կնոջ հղիության ընթացքում առանց նրա համաձայնության ամուսնալուծության գործերը տարեկան կազմում են բացառապես ամուսնալուծության գործերի 2.3-2.4%, ինչը նշանակում է, որ դատարանների ծանրաբեռնվածության համատեքստում դատական թանկարժեք ռեսուրս է վատնվում շուրջ 800 միայն ձևական վեճի համար, որոնք բովանդակային առումով վեճ չեն ենթադրում, և մեկ ամուսնու պահանջով վերջնական արդյունքում միևնույն է՝ տեղի է ունենալու ամուսնալուծություն։

Այն նաև արդյունավետ չէ ամուսնալուծվողների համար, և պրակտիկան ցույց է տալիս, որ դատական կարգով ամուսնալուծությունը հանգեցնում է չարաշահումների։

Հետևապես, եթե այս գործերը դատական համակարգից հանվեն, ապա դատական համակարգը տարեկան կթեթևանա շուրջ 800 և ավելի գործով։

Այդ նպատակով ստորև առաջարկվում է ամուսնալուծությունը իրականացնել բացառապես ՔԿԱԳ մարմնի միջոցով՝ պահապնելով դատական վերահսկողության այլ ավելի արդյունավետ տարբերակ՝ վերահոկղություն պահանջող իրավիճակների համար։

Մասնավորապես առաջարկվում է ամուսնալուծության հետևյալ մոդելը. ամուսիններից մեկը դիմում է ներկայացնում ՔԿԱԳ մարմնին ամուսնալուծության վերաբերյալ անկախ մյուս ամուսնու համաձայնությունից, ՔԿԱԳ մարմինը մյուս ամուսնուն ուղարկում է ծանուցում, ծանուցումը տեղադրում է Ազդադար կայքում և կարճ ժամկետում գրանցում է ամուսնալուծությունը։ Մյուս ամուսինը կարող է ամուսնալուծությունը բողոքարկել ընդհանուր իրավասության դատարանում, եթե ամուսնալուծությունը տեղի է ունեցել առանց կնոջ համաձայնության նրա հղիության ընթացքում։

Գույքային հարցերով չարաշահումներից պաշտպանելու համար, մինչև համատեղ գույքի բաժանումը (բայց ոչ ավել քան մեկ տարվա ընթացքում) այդ գույքի հաշվին ձեռք բերված գույքին առաջարկվում է տալ համատեղ սեփականության կարգավիճակ, ինչպես նաև կնոջ հղիության ընթացքում ամուսնալուծվելու դեպքում կնոջն ընձեռել իրավունք պահանջելու ամուսնալուծության անվավերություն և ամուսնալուծությունից հետո ամուսնու ձեռք բերած գույքի կեսը։

Այս մոդելը ոչ միայն կթեթևացնի դատական համակարգը շուրջ 800 և ավելի գործից, կլուծի չարաշահումների հարցերը, չի տեղափոխի այս դատական գործերի քանակը վարչական դատարանի իրավասության ներքո, այլև ավելի արդյունավետ կպաշտպանի ամուսինների շահերը այն փոքր քանակի գործերով, որոնցով դատական վերահսկողությունն իսկապես անհրաժեշտ է։

Մոդելի մանրամասներին և հիմնավորումներին ծանոթանալու համար, տեսե՛ք կից փաստաթուղթը հետևյալ հղումով.

 Հանրագիր. Դատական համակարգի թեթևացումը ամուսնալուծությունը բացառապես ՔԿԱԳ մարմնում իրականացնելու մոդելի միջոցով

Գևորգ Հակոբյանը «Elawphant» փաստաբանական գրասենյակի հիմնադիրն է, ղեկավար գործընկերը, ՀՀ փաստաբանների պալատի անդամ է:

Ուրախ կլինենք լսել Ձեր կարծիքը առաջարկվող մոդելի վերաբերյալ. գրեք մեզ