Վճարման կարգադրություն. պրակտիկ ուղեցույց պարտատերերի և պարտապանների համար

| ,

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ | ԱՅՍ ՆՅՈՒԹՆ ՈՒՆԻ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԿԱՐԻՔ և ՄԵՆՔ ԱՅՆ ԿԱՆԵՆՔ ՇՈՒՏՈՎ

Դուք պարտք եք գումար կամ Ձեզ պարտք են գումար։

Պարտքը ստանալու համար հայց ներկայացնելուց բացի պարտատերերը կարող են դատարանին դիմել վճարման կարգադրության դիմումով, որը հայցային վարույթի համեմատ որոշ առումներով ավելի արդյունավետ է, իսկ որոշներով՝ ոչ։

Եթե ուզում եք պարտք հավաքագրել վճարման կարգադրության միջոցով, կամ դատարանից ստացել եք «վճարման կարգադրություն» վերնագրով փաստաթուղթ, ապա ստորև ներկայացված են այն կարևոր տեղեկությունները և կետերը, որոնք իմանալը կօգնի Ձեզ կողմնորոշվել և ճիշտ որոշումներ կայացնել՝ անկախ նրանից՝ պարտատեր եք, թե պարտապան։

Ուշադրություն! Եթե դատարանից ստացել եք հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում՝ վճարման կարգադրության փոխարեն, ապա այս էջի տեղեկատվությունը Ձեզ չի օգնի։

Շտապեք դիմել փաստաբանի. հնարավոր է՝ Դուք պետք է երկու շաբաթվա ընթացքում հայցադիմումի պատասխան ներկայացնեք Դատարանին և կատարեք կարևոր գործողություններ։

Եվ ամենակարևորը, եթե ուզում եք վճարման կարգադրության դեմ արագ առարկություն գրել, ապա ներքևում՝ «Ինչպես գրել վճարման կարգադրության դեմ առարկություն» բաժնում կա ֆորմա. եթե տվյալները լրացնեք, այն Ձեզ պարզ առարկության տեքստ կտա. կարող եք վերցնել և դնել թղթի վրա, տպել, ստորագրել և ուղարկել կամ առձեռն հանձնել համապատասխան դատարանի գրասենյակ։ Միանգամից ֆորմային հասնելու համար սեղմեք այստեղ:

Վճարման կարգադրությունների քանակը 2014-2017թթ ընթացքում

Ինչ է վճարման կարգադրությունը

Վճարման կարգադրությունը դրամական պարտքը հավաքագրելու դատական գործիք է։

Վճարման կարգադրության դիմում կարելի է ներկայացնել, եթե

  1. դրամական պահանջը որոշակի է, այսինքն սահմանված է կողմերի համաձայնությամբ կամ ճշգրիտ որոշվում է օրենքի կամ պայմանագրի հիման վրա.
  2. դրամական պահանջը կապված չէ դեռևս չկատարված հանդիպակաց պարտավորությունների հետ (օրինակ՝ չեք կարող վճարման կարգադրության միջոցով պահանջել ծառայության դիմաց վճարը, եթե ծառայությունը դեռ չեք մատուցել).
  3. պահանջը հիմնված չէ այնպիսի վարկային պայմանագրի վրա, որով կնքման պահից սահմանված է ավելի բարձր տոկոս քան թույլատրվում է օրենքով, ներկա պահին խոսքը՝ տարեկան 12 տոկոսի մասին է.
  4. պահանջը հնարավոր է առերևույթ հիմնավորել (օրինակ՝ պահանջի չափը հիմնավորելու համար չի պահանջվում փորձաքննություն).
  5. պահանջը հաստատող ապացույցները կասկածելի չեն:

Վճարման կարգադրության դիմումը պետք է նաև պարունակի օրենքով սահմանված որոշակի տեղեկատվություն (տես «Ինչպես գրել վճարման կարգադրության դիմում» բաժնում):

Ընդհանուր առմամբ վճարման կարգադրության հիման վրա պարտքի հավաքագրումը կատարվում է հետևյալ կերպ։

Պարտատերը պարտապանի բնակության (գտնվելու) վայրի ընդհանուր իրավասության դատարանին ներկայացնում է վճարման կարգադրություն արձակելու դիմում։

Եթե դիմումը լրիվ կամ մասնակի չի բավարարում օրենքով սահմանված պահանջներին, պահանջը առերևույթ հիմնավորված չէ, կամ պահանջը հաստատող ապացույցները կասկածելի են, ապա դատարանը այն համապատասխանաբար լրիվ կամ մասնակի մերժում է. այս դեպքում պարտատերը կարող է մերժված մասով նորից ներկայացնել վճարման կարգադրության դիմում կամ հայց ներկայացնել դատարանին։

Քաղաքացիական օրենսգրքով սահմանված է, որ մերժումից առաջ պարտատերը պետք է հնարավորություն ունենա արտահայտելու իր դիրքորոշումը, այդ թվում` հեռակա կարգով (ֆաքս, էլեկտրոնային փոստի միջոցներ և այլն):

Բայց դիրքորոշում արտահայտել/չարտահայտելն արգելք չէ մերժման մասին որոշում կայացնելու համար։

Բացի դրանից մերժման մասին որոշումը ենթակա չէ բողոքարկման:

Այնպես, որ եթե դատարանը որոշել է մերժել վճարման կարգադրության դիմումը, ապա դատարանին հայց ներկայացնելուց բացի պարտատերն առանձնապես այլ բան անել չի կարող։

Եթե վճարման կարգադրության դիմումը բավարարում է օրենքով սահմանված պահանջներին, ապա դատարանը, առանց պահանջի հիմնավորվածությունը ստուգելու, երկշաբաթյա ժամկետում արձակում է վճարման կարգադրություն և ուղարկում է պարտապանին։

Վճարման կարգադրությունը ստանալով՝ պարտապանը կարող է անել հետևյալ գործողություններից որևէ մեկը.

  • կատարել վճարման պահանջը,
  • դատարանին առձեռն կամ փոստով՝ ստացման մասին հետադարձ ծանուցմամբ (տեղեկացմամբ), ներկայացնել գրավոր առարկություն:

Պատասխանողն իրավունք ունի գրավոր առարկություն ներկայացնելու նաև պահանջի միայն մի մասի վերաբերյալ` մյուս մասով կատարելով վճարման պահանջը։

Այն դեպքում, եթե պարտապանը երկշբաթյա ժամկետում չի ներկայացնում առարկություն դատարանին, ապա վճարման կարգադրությունը ստանում է օրինական ուժ և կարող է ի կատար ածվել հարկադիր կարգով՝ կատարողական թերթի հիման վրա։

Վճարման կարգադրության վարույթում պարտապանը պետք է ակտիվ լինի։

Եթե պարտապանը ժամանակին ներկայացնում է առարկություն, ապա վճարման կարգադրությունը վերանում է, և պարտատերը կարող է պարտքը հավաքագրել դատարանին հայց ներկայացնելով։

Սա նաև նշանակում է, որ պարտատերը կարող է այլևս հետամուտ չլինել պարտքի հավաքագրմանը և հայց չներկայացնել դատարանին։

Պետք է իմանալ նաև, որ ուժի մեջ մտած վճարման կարգադրությունը պարտապանները որոշ դեպքերում կարող են բողոքարկել (օրինակ՝ եթե պարտապանին պատշաճ չի ուղարկվել վճարման կարգադրությունը, կամ վճարման կարգադրության արձակումը չի համապատասխանել օրենքի պահանջներին)։

Վճարման կարգադրության ընթացքը

7 բան, որ պետք է իմանալ վճարման կարգադրության մասին

Պարտքը հայցի միջոցով հավաքագրելու ընթացակարգի համեմատ՝ վճարման կարգադրությունն ունի մի շարք առավելություններ և բացասական կողմեր. ահա թե որոնք են դրանք. վերջին երկուսը հույժ կարևոր են։

Առաջին, վճարման կարգադրությունը կարող է արագացնել պարտքի հավաքագրումը։

Եթե պարտապանը չի առարկում պարտավորության դեմ, ապա դատարանը վճարման կարգադրություն կարձակի մոտավորապես մեկ ամսվա ընթացքում։

Արդյունքում պարտքը հնարավոր կլինի հավաքագրել շատ ավելի արագ, քան դատարան հայց ներկայացնելով։

Վճարման կարգադրությունը կարող է հավասարապես դանդաղեցնել պարտքի հավաքագրումը։

Եթե պարտապանն առարկություն ներկայացնի, ապա պարտատերը ստիպված է լինելու պարտքի հավաքագրումը իրականացնել հայցի միջոցով։

Արդյունքում վճարման կարգադրության համար ծախսած ժամանակն անարդյունավետորեն կորելու է։

Երկրորդ, վճարման կարգադրության գործընթացում, եթե պարտապանի գտնվելու հասցեով ծանուցել չի ստացվում, ապա դատարանը չի կարող կողմին ծանուցել նույն վայրի համայնքի ղեկավարի կամ http://azdarar.am/ կայքի միջոցով։

Սա նշանակում է, որ վճարման կարգադրությունը կարող է օրինական ուժ չստանալ, և պարտատերը ստիպված է լինելու հայց ներկայացնել դատարանին։

Երրորդ, վճարման կարգադրության դեպքում չկա պետական տուրք։

Իսկ սա նշանակում է, որ թե պարտատերը և թե պարտապանը լրացուցիչ չեն ծանրաբեռնվում դատական ծախսերով (այն չի դրվում որևէ կողմի վրա)։

Սա մի կողմից պետք է շահագրգռի պարտապանին չառարկել և պարտատիրոջը չստիպել հայց ներկայացնել իր դեմ՝ իրեն ապահովելով լրացուցիչ դատական ծախսերի ռիսկերից։

Մյուս կողմից, սակայն, եթե պետական տուրքի չափը մեծ է լինելու (սովորաբար պահանջի չափի 2%), պարտապանը կարող առարկել՝ ակնկալելով, որ պարտատերը չի ցանկանա հայց ներկայացնել ֆինանսների սղության կամ դատական ծախսի բեռի պատճառով։

Պարտապանները նաև պետք է հիշեն, որ պարտատերը կարող է դատարանին խնդրել հետաձգել պետական տուրքի վճարումը՝ ներկայացնելով հարգելի պատճառ։

Եթե նրա միջնորդությունը դատարանը բավարարի, ապա հայցի քննության արդյունքում դատական ծախսերը կարող են դրվել պարտապանի վրա։

Չորրորդ, վճարման կարգադրության դիմումի դեպքում դատական նիստեր չեն գումարվում, սա նշանակում է, որ կողմերը նորից կարող են խնայել դատական ծախսեր։

Հինգերորդ, վճարման կարգադրության դիմումի ներկայացումը կասեցնում է հայցային վաղեմության ժամկետը (այն ժամկետը, որի լրանալուց հետո եթե պարտատերը դիմի դատարան, նրա իրավունքը պարտապանի միջնորդությամբ չի պաշտպանվի) մինչև դատարանի կողմից պարտապանի առարկությունը ստանալու պահը։

Պարտատերերը և պարտապանները պետք է ուշադիր լինեն՝ հայցային վաղեմության ժամկետը բաց չթողնեն։

Հակառակ դեպքում՝ եթե պարտապանը վճարման կարգադրության դեմ առարկի, և պարտատերը հայց ներկայացնի հայցային վաղեմության ժամկետն անցած, ապա պարտատիրոջ իրավունքը պարտապանի միջնորդությամբ կարող է այլևս չպաշտպանվել։

Ընդհանուր առմամբ հայցային վաղեմության ժամկետը 3 տարի է, բայց Դուք ճիշտ կանեք այն ճշգրտել փաստաբանից, որովհետև կախված պահանջի բնույթից հնարավոր է, որ ժամկետը լինի ավելի կարճ կամ ավելի երկար։

Եթե պարտատերը մտածում է վճարման կարգադրություն ներկայացնել հայցային վաղեմության վերջում, ապա կարող է ընկնել ավելնորդ գլխացավանքների և քաշքշուկների մեջ. հայց ներկայացնելն այդ դեպքում ավելի ապահով լուծում է հայցային վաղեմության կիրառումից պաշտպանվելու համար։

Վեցերորդ, պարտատերերը պետք է իմանան, որ վճարման կարգադրության դիմում ներկայացնելիս հնարավոր չէ ներկայացնել հայցի ապահովման միջնորդություն։

Դա նշանակում է, որ պարտապանը պարտքի հավաքագրման մասին իմանալուն պես կարող է օտարել կամ վատնել իր գույքն ու դրամական միջոցները։

Ավելին, պարտապանը կարող է ձևական առարկություն ներկայացնել ժամանակ շահելու համար։

Արդյունքում կարող է այլևս չլինեն միջոցներ, որոնց հաշվին բավարարվի պարտատիրոջ հանդեպ պարտքը։

Եվ վերջապես յոթերորդ, քանի որ օրենքը պահանջում է, որ վճարման կարգադրության դիմումում պահանջի չափը լինի որոշակի և հստակ, վճարման կարգադրությունը հարմար գործիք չէ բարդ հաշվարկներով և ժամանակի ընթացքում կուտակվող տոկոսներով պայմանավորված պարտավորությունների բռնագանձման համար։

Ինչպես գրել վճարման կարգադրության դիմում

Քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ վճարման կարգադրություն արձակելու դիմումի մեջ պարտատերը պետք է նշի.

  1. դատարանի անվանումը, որին ներկայացվում է դիմումը.
  2. կողմերի անունները կամ անվանումները, հասցեները կամ գտնվելու վայրերը.
  3. հիմնական և լրացուցիչ պահանջների հիմքը և չափը` առանձին-առանձին.
  4. պահանջը հաստատող ապացույցները.
  5. հայտարարություն առ այն, որ պահանջը կապված չէ դեռևս չկատարված հանդիպակաց պարտավորությունների հետ, կամ հանդիպակաց պարտավորություններն արդեն կատարված են.
  6. դիմում ներկայացնողի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ լիազորված անձի ստորագրությունը:

Եթե դիմումը ստորագրում է պարտատիրոջ օրինական ներկայացուցիչը կամ լիազորված անձը, ապա դիմումին պետք է կցված լինի նաև վերջիններիս ներկայացուցչությունը հավաստող համապատասխան փաստաթղթերը, օրինակ՝ լիազորագիր:

Եթե պարտավորությունն ապահովված է գրավով, և պարտատերը ցանկանում է հանդես գալ որպես գրավով ապահովված պարտատեր, ապա դիմումին պետք է կցվի նաև գրավի պայմանագիրը:

Դիմումը և կից փաստաթղթերը պարտապանի բնակության (գտնվելու) վայրի ընդհանուր իրավասության դատարանին պետք է ներկայացնել 2 օրինակից փոստի կամ դատարանի գրասենյակի միջոցով:

Պարտատերերի համար վճարման կարգադրությունը կարող է լուծում լինել, եթե կա գրավադրված գույք կամ պարտքի գումարը փոքր է։

Եթե չկա գրավադրված գույք, ապա պարտատերերը պետք է լուրջ մտածեն՝ արժե վճարման կարգադրության դիմում ներկայացնել, թե միանգամից հայց ներկայացնել։

Ավելի լավ է վճարման կարգադրությունից հեռու մնալ, եթե պետք է հայցի ապահովման միջնորդություն ներկայացնել և պարտապանի գույքի կամ դրամական միջոցների վրա արգելանք դնել։

Բոլոր դեպքերում, եթե վճարման կարգադրության դեմ պարտապանն առարկի, պարտատերը պարզապես ժամանակ է կորցնելու։

Ինչպես գրել վճարման կարգադրության դեմ առարկություն

Երբ պարտապանը ստանում է վճարման կարգադրություն, ինչպես բացատրեցինք վերևում, կարող է առարկել դրա դեմ՝ պարտատիրոջը ստիպելով հայցով մտնել դատարան, կամ թողնել, որ վճարման կարգադրությունը մտնի օրինական ուժի մեջ։

Եթե պարտապանը պատրաստվում է առարկություն ներկայացնել, ապա պետք է վճարման կարգադրությունը ստանալու պահից 2 շաբաթվա ընթացքում փոստի կամ վճարման կարգադրություն արձակած դատարանի գրասենյակի միջոցով մուտքագրի առարկությունը։

Օրենքով սահմանված չեն, թե ինչ տեղեկություններ պետք է պարտադիր նշել առարկության մեջ։

Արդյունավետության և պրակտիկ լինելու տեսանկյունից բավարար է նշել հետևյալ տեղեկությունները.

  • դատարանի անվանումը (որպեսզի դատարանը հասկանա, որ գրությունն իրեն է ուղղված).
  • գործի համարը (որպեսզի նույնականացնի գործը).
  • տեղեկություններ պարտապանի կամ նրա ներկայացուցչի մասին (որպեսզի դատարանը նույնականացնի պարտապանին և հավաստիանա, որ առարկությունը ներկայացրել է ճիշտ անձ).
  • Կարճ նշում, որ ներկայացված պահանջի դեմ պարտապանն առարկում է.
  • Պարտապանի ստորագրությունը։

Առարկության հիմքում ընկած փաստերը պատադիր չէ ներկայացնել։

Սա բավարար է, որ պարտապանի դեմ արձակված վճարման կարգադրությունը չստանա օրինական ուժ։

Եթե ցանկանում եք արագ ամբողջությամբ առարկել վճարման կարգադրության դեմ, ահա վերևում խոստացված ֆորման։

Եթե լրացնեք այս դաշտերը, տվյալներն ավտոմատ կլրացվեն ներքևի տեքստում։ Ձեր անձնական տվյալները չեն հավաքվի։
Վճարման կարգադրության դեմ առարկության տեքստը

[Դատարանի անվանումը]
ընդհանուր իրավասության դատարանին

Պատասխանող` [Անուն Հայրանուն Ազգանուն]ից

Առարկություն

Հարգելի Դատարան,

Թիվ [գործի համարը] գործով ներկայացված պահանջն անհիմն է, և արձակված վճարման կարգադրության դեմ ամբողջությամբ առարկում եմ։

Հարգանքով՝

[Անուն Հայրանուն Ազգանուն]

Եզրակացություններ

Եթե Դուք պարտատեր եք կամ պարտապան, ապա վերևում նշված տեղեկատվությունը օգտագործեք որպես ուղեցույց։

Պարտատերերը և պարտապանները կարող են փորձել ինքնուրույն հավաքագրել պարտքը կամ ինքնուրույն առարկել վճարման կարգադրության դեմ։

Բայց պետք է գիտակցել, որ իրավիճակում ճիշտ կողմնորշվելու, ժամկետներ բաց չթողնելու, ընթացակարգի պահանջները պահպանելու և կրիտիկական սխալներ թույլ չտալու համար ավելի նախընտրելի է դիմել փաստաբանի օգնությանը։

Ռուզաննա Աբրահամյանը «Elawphant» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկերն է, ՀՀ փաստաբանների պալատի անդամ է։

Գևորգ Հակոբյանը «Elawphant» փաստաբանական գրասենյակի հիմնադիրն է, ղեկավար գործընկերը, ՀՀ փաստաբանների պալատի անդամ է:

Կապ հաստատեք մեզ հետ