9 էական պատճառ` դիմելու իրավաբանի բիզնես հիմնելու համար

|

Հայաստանում բիզնեսի համար կազմակերպություն հիմնելն անվճար է և տևում է քսան րոպեից երկու օր (չհաշված լիցենզավորման կամ ծանուցման պահանջները, որոնք կախված են գործունեության բնույթից)։

Ձեզ պետք է լինելու մասնակիցների կամ բաժնետերերի ներկայությունը անձնագրերով, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրին ասել գրանցման հասցե, որով որոշվելու է, թե որ հարկային ծառայության հետ եք աշխատելու, կանոնադրական կապիտալի չափ, որի նվազագույն շեմ չկա (կարող եք սահմանել անգամ մեկ դրամ), և Ֆիրմային անվանում, ինչպես նաև հայտնել տնօրենի վերաբերյալ տեղեկությունները (անձնագրի և կապի տվյալները)։ 

Դիմում, տիպային կանոնադրություն, և տիպային հիմնադիր որոշում կամ ժողովի արձանագրություն, իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ստորագրելուց հետո Ձեր կազմակերպությունը գրանցվում է շատ արագ, միանգամից ստանում եք գրանցման և հարկ վճարողի հաշվառման համար, կարող եք բանկում հաշիվ բացել և սկսել գործունեությունը։ Կնիքի պահանջը մի քանի տարի առաջ վերացել է, և կարող եք կնիք չունենալ։

Ֆիրմա գրանցելը պետական ռեգիստրում տիպային փաստաթղթերի հիման վրա

Չնայած սա այդքան հեշտ է, լուրջ բիզնեսմենները ընկերություն հիմնադրելու համար հաճախ դիմում են իրավաբանական ծառայության օգնությանը և թույլ են տալիս, որ մասնագետը կազմի բոլոր փաստաթղթերը և վերահսկի ամբողջ գործընթացը. ո՞րն է տրամաբանությունը։

Եթե ուզում եք ընկերություն հիմնել կամ մասնակցություն ձեռք բերել և զբաղվել ձեռնարկատիրությամբ, ահա թե որ դեպքերում և ինչու է պետք դիմել իրավաբանի օգնությանը։

Ստանդարտ կանոնադրություն և ոչ ստանդարտ կանոնադրություն

Եթե ընկերությունը հիմնում եք պետական ռեգիստրում այնպես, ինչպես նկարագրված է վերևում, պետական ռեգիստրը առաջարկելու է ընկերությունը գրանցել հոդվածի վերջում նշված տիպային փաստաթղթերի օրինակներով1:

Այս տիպային փաստաթղթերով Ձեր ընկերությունն ունենալու է հետևյալ հարցերին առնչվող պրակտիկ «անհարմարություններ»։

1. Կառավարման և վերահսկող մարմինները

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տիպային փաստաթղթերում նախատեսված է կառավարման երկու մարմին՝ մասնակիցների կամ բաժնետերերի ժողովը և կազմակերպության տնօրենը. այսինքն, եթե ցանկանում եք ունենալ այլ կառավարման մարմիններ, ինչպես օրինակ՝ տնօրենների խորհուրդը, ապա այս տիպային փաստաթղթերով կառավարման մարմինները սահմանափակ են և տիպային փաստաթղթերի հիման վրա ընկերությունը գրանցելուց հետո ստիպված եք լինելու փոփոխել կանոնադրությունը, որն արդեն անվճար չէ, այլ նախատեսում է պետական տուրքի վճարում 10.000 ՀՀ դրամի չափով։

Այս տիպային փաստաթղթերում նաև չկան այլ վերահսկող մարմիններ, և միակ վերահսկող մարմինը կազմակերպության բարձրագույն մարմինն է՝ մասնակիցների կամ բաժնետերերի ընդհանուր ժողովը։ 

Եթե բիզնեսում գործընկերները շատ են, բիզնեսը մեծ է, կառավարումն ունի դժվարություններ, պահանջվում է հաշվետվողականության և վերահսկողության ավելի լուրջ մակարդակ, ապա ռեգիստրի առաջարկած տիպային փաստաթղթերը Ձեր կազմակերպության համար չեն։

2. Գործառույթների ոչ ստանդարտ բաշխում

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տիպային փաստաթղթերում կազմակերպության կառավարման մարմինների գործառույթները թվարկված են այնպես, ինչպես դրանք սահմանված են օրենքում։ 

Որոշ դեպքերում, օրենքը թույլ է տալիս ընկերության մի մարմնի լիազորությունները փոխանցել կամ պատվիրակել մեկ այլ մարմնի, որոշ դեպքերում՝ ոչ։ 

Այն դեպքում, երբ օրենքը թույլ է տալիս լիազորությունների պատվիրակում ընկերության մեկ մարմնից մյուսին, այս կամ այն գործառույթը հնարավոր է դառնում համապատասխանեցնել Ձեր կազմակերպության կառավարչական հարմարությանը։ Եթե դա կանոնադրությունում ճիշտ է ֆիքսվում, ապա հնարավոր է դառնում օպտիմիզացնել մարմինների ավելորդ նիստեր գումարելու ընթացակարգեր, որոշ ծախսեր և բյուրոկրատիա, աշխատանքի անարդյունավետություն և լիքը գլխացավանք։ 

Պրակտիկայում շատ հանդիպող օրինակ է աշխատողների հաստիքացուցակի հաստատման լիազորության պատվիրակումը կազմակերպության տնօրենին, որի միջոցով վերջինս դառնում է ավելի ճկուն աշխատատեղերի կազմակերպման հարցում։

Պետական ռեգիստրի հիմնադիր փաստաթղթերի տիպային նմուշները այսպիսի հարցերը Ձեր կազմակերպության պահանջներին համապատասխանեցնելու հնարավորություն չեն տալիս։

3. Խոշոր գործարքներ 

Եթե Ձեր Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրությամբ այլ բան չի նախատեսված, ապա Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին ՀՀ օրենքը սահմանում է, որ կազմակերպության ակտիվների 25 և ավելի տոկոսի չափով գործարքներ կնքելու դեպքում կազմակերպության տնօրենը չի կարող այն կնքել առանց կազմակերպության ընդհանուր ժողովի կամ խորհրդի հաստատման։ Այս նույն կարգավորումը կրկնօրինակված է Պետական ռեգիստրի առաջարկած տիպային կանոնադրությունում։

Եթե Ձեր կազմակերպությունը փոքր է և չունի շատ ակտիվներ, ապա Ձեր գործարքների համար ավելի հաճախ է պետք լինելու ընդհանուր ժողովի որոշումներ՝ այդ գործարքների կնքման համար, ինչը շատացնում է բյուրոկրատիան։

Մյուս կողմից, եթե ֆիրման շատ ակտիվներ է ունենալու, ապա 25% ահռելի թիվ կարող է լինել, և ընկերության տնօրենի չվերահսկվող թանկ գործարքերի հնարավորությունը կմեծանա: 

Հետևապես խոշոր գործարքների հարցի ճիշտ կարգավորումը կարևոր նշանակություն կարող է ունենալ բիզնեսի համար։ 

Բացի դրանից այս պահանջը չպահպանելու դեպքում խոշոր գործարքը կարող է ճանաչվել անվավեր դատարանի վճռով:

Նման խնդրից խուսափելու համար ընկերության կանոնադրությունում կարող եք նախատեսել, որ խոշոր գործարքներ կատարելու համար չի պահանջվում ընդհանուր ժողովի կամ ընկերության խորհրդի որոշում, կամ կարող եք պարզապես փոփոխել խոշոր գործարքի չափը։

Օրենքով խոշոր գործարքների այս պահանջը չի կիրառվում մեկ մասնակցից բաղկացած ընկերությունների նկատմամբ, որն իրականացնում է տվյալ ընկերության գործադիր մարմնի գործառույթները. բայց պրակտիկայում (հաշվի առնելով, որ այնուամենայնիվ դա նախատեսված է ռեգիստրի տիպային կանոնադրությամբ), Ձեզ որոշ տեղերում գցելու են քաշքշուկի մեջ՝ պահանջելով խոշոր գործարքի կնքման համար ներկայացնել այն հաստատող ժողովի որոշում։

Բաժնետիրական ընկերության դեպքում, խոշոր գործարքի չափը և բովանդակությունը փոփոխելու հնարավորություն օրենքով տրված չէ։ Բացի ակտիվներից այն նաև գնահատվում է հասարակ արժեթղթերի արժեքով, իսկ անվավերության հետևանքը կարող է առաջանալ, միայն եթե ընկերության հետ գործարք կնքած անձը չի գործել բարեխիղճ` իմացել է կամ կարող էր իմանալ նշված պահանջները չպահպանելու մասին։ Կան նաև այլ առանձնահատկություններ։

4. Որոշումների ընդունման համար անհրաժեշտ ձայների և քվորումի կարգավորում

Օրենսդրությունը հնարավորություն է տալիս նաև փոփոխել կառավարման մարմինների կողմից որոշումների ընդունման կարգը, սահմանել այն հարցերը, որոնց վերաբերյալ որոշումներն ընդունվում են միաձայն կամ ձայների որակյալ մեծամասնությամբ, իսկ երբեմն էլ, ոչ թե ավելի շատ, այլ ավելի քիչ ձայներով։

Օրինակ՝ որքան ավելի մեծ ձայների քանակ է անհրաժեշտ լինում այս կամ այն հարցի որոշման համար ընդհանուր ժողովում, այնքան բաժնետերերն ավելի ներգրավված են դառնում որոշումներ կայացնելու գործընթացին։

Եթե կազմակերպությունում ունենալու եք նաև կառավարման այլ կոլեգիալ մարմին՝ խորհուրդ, ապա ձայների քանակի կարգավորումը հնարավորություն կտա բարձրացնել կամ իջեցնել դրանց նկատմամաբ խորհրդի վերահսկողության աստիճանը։

5. Այլ դիսպոզիտիվ կարգավորումներ

Օրենքը շատ հարցերում հարաբերությունները կարգավորում է ոչ թե իմպերատիվ, այլ դիսպոզիտիվ ձևով. դա նշանակում է, որ այն տալիս է հարաբերության կարգավորման մոդել և միևնույն ժամանակ թույլ է տալիս դրանից ամբողջությամբ կամ մասամբ շեղվել՝ այլ ձևով կարգավորելով հարաբերությունը։ 

Օրինակ՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների դեպքում եթե կանոնադրական կապիտալն ավելացվում է լրացուցիչ ավանդների հաշվին ոչ թե մեկ մասնակցի, այլ ընդհանուր ժողովի առաջարկով, ապա համաձայն օրենքի՝ հարցը լուծվում է ընդհանուր ժողովի ձայների երկու երրորդով։ Բայց կանոնադրությամբ կարելի է սահմանել համաձայնության ավելի բարձր մակարդակ, օրինակ՝ միաձայնություն. դա կարող է պաշտպանել մասնակիցների փոքրամասնությանը մեծամասնությունից։

Առանձին կազմակերպաիրավական տեսակի առևտրային ընկերությունների օրենքներով և ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով սահմանված են բազմաթիվ դիսպոզիտիվ կանոններ։

Այդպիսի դիսպոզիտիվ կարգավորումներից օգտվելով՝ կանոնադրությունում կարգավորումներ տալն ավելի ճկուն և հստակ կարող է դարձնել կազմակերպության կառավարման մարմինների գործունեությունը, բաժնետերերի կամ մասնակիցների միջև հարաբերությունները, առաջադրել մասնակիցների և նրանց շահերի պաշտպանության ավելի բարձր կամ ավելի ցածր մակարդակ, ընկերության կառավարումը դարձնել ավելի արդյունավետ։ 

Իսկ մյուս կողմից էլ, դրանց վրա ուշադրություն չդարձնելը կարող է նաև հանգեցնել ընկերության կառավարման կամ բիզնեսի իրականացման անհարմարության ու լճացման։

Այդ իսկ պատճառով, եթե կազմակերպության մասնակից եք կամ բաժնետեր (հատկապես եթե մասնակիցները մի քանի գործընկերներ են), ապա պետք է մտածել ոչ տիպային կանոնադրություն կազմելու մասին և այդ հարցով արժի դիմել իրավաբանական ծառայության օգնությանը։

Ստանդարտ կանոնադրություն vs ոչ ստանդարտ կանոնադրություն

Պայմանագրային հարաբերությունները գործընկերների հետ

Հայաստանում գործընկերները բիզնես անելուց իրար հետ սովորաբար պայմանագիր չեն կնքում. որոշ դեպքերում վախենում են, թե դա անվստահության նշան կարող է ընկալվել մյուս գործընկերոջ կողմից, կամ պարզապես չեն հասկանում դրա կարևորությունը։

Գործընկերները պետք է իմանան, որ գործընկերությունը պատշաճ չկարգավորելով, կարող են վաղը բարդ և թանկ վեճերի մեջ հայտնվել, իսկ համագործակցությունն ու բիզնեսը ջուրը լցնել։

Գործընկերության պայմանագիրը թույլ է տալիս գործընկերներին բիզնեսը սկսելուց առաջ ավելի հանգիստ և կառուցողական պայմանավորվել այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ հետագայում պայմանավորվելը դառնալու է անհնարին՝ հարաբերությունների պոտենցիալ սրման պատճառով։

Օրինակ՝ հետևյալ հարցերի շուրջ արժի նախապես պայմանավորվել և արդյունավետ իրավական լուծումներ ամրագրել։

6. Բռենդի իրավահաջորդություն

Այն գործընկերները, որոնք այսօր հիմնել են բռենդ և աշխատում են այն հայտնի դարձնել, վաղը կարող է՝ բաժանվեն, և յուրաքանաչյուրը հավակնի իր հետ տանել զարգացրած բռենդը, որովհետև նորը ստեղծելն ավելի դժվար է։ 

Գործընկերության պայմանագրով այս հարցը կարելի է նախապես կարգավորել՝ բռենդը տանելու դիմաց առաջարկելով մեկուրիշ բան, օրինակ՝ գույք, կամ փոխհատուցում, կամ այն օգտագործելու իրավունք. լուծումները շատ են։

7. Ներդրումային քաղաքականություն և բիզնեսի տեսլական

Բիզնեսը պարբերաբար պահանջում է ներդրումներ, ընդ որում ներդրումներ ասելով ի նկատի ունենք ոչ միայն գույք կամ գումար, այլ նաև մտավոր և ֆիզիկական աշխատանք, իրավունքներ և այլն։

Եկամուտներ ստանալու գլոբալ տեսլականը գործընկերները գրեթե միշտ կիսում են, բայց երբևէ Ձեր գործընկերոջ հետ քննարկե՞լ եք, թե կանոնադրական կապիտալում ներդրում անելուց բացի բիզնեսի առաջխաղացման հարցում իրարից ինչ եք ակնկալելու։ 

Իսկ ինչպե՞ս կվերաբերվեք այն հարցին, որ Ձեր բիզնեսը դառնա եկամտաբեր, Դուք շարունակեք աշխատել, իսկ Ձեր գործընկերը որոշի, որ արդեն չաշխատելու և եկամուտ ստանալու ժամանակներն են եկել։ 

Երբ գործընկերների հարաբերությունները լարվում են, սովորաբար մեկը փորձում է մյուսին հեռացնել կազմակերպությունից հնարավորինս քիչ ծախսերով, երկրորդն էլ իր հերթին փորձում է պայքարել՝ մնալու կամ բիզնեսից որքան հնարավոր է շատ բան տանելու համար։

Այս հարցերն այսօր պայմանագրային հիմունքներով կարգավորելու դեպքում գործընկերների հարաբերությունները ոչ միայն հստակ են դառնում, այլև գործընկերները ունենում են գործիք, որով պայմանավորվածությունը կարողանում են իրագործել իրավական միջոցներով։

Partners separate business

8. Գործընկերոջ դուրս գալը և հեռացնելը

Գործընկերների հեռանալը կամ հեռացվելը բիզնեսից իրականում լուրջ հարց է, որը չկարգավորելը թե ընկերության, թե գործընկերների համար կարող է ֆինանսական և այլ ռիսկեր պարունակել։

Օրինակ՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների դեպքում, եթե մասնակիցը չի համաձայնվում դուրս գալ, կամ վաճառել իր բաժնեմասը, ապա ընկերությունը կարող է ընդհուպ բաժանվել բաժնային սեփականության քաղաքացիական օրենսդրության կանոններով, կամ բաժնետիրոջ հեռացումով՝ նրան փոխհատուցելով ընկերության վերջին հաշվետու ժամանակաշրջանի հաշվապահական հաշվետվությունների հիման վրա որոշված ակտիվների չափով. այսինքն եթե 50% բաժնեմասով գոծընկերը հեռանում է, ապա տանում է բիզնեսի կեսը։ Եթե այս տարբերակը ընդունելի չէ, ապա ճիշտ կլինի այսօր գործընկերոջ հետ հստակեցնել նրա հեռանալը և դրա դիմաց հատուցումը օրինակ՝ բաժնեմասի ձեռքբերման նախապես պայմանավորված օպցիոնի միջոցով։ 

Օպցիոն (լատ.՝ optio — ընտրություն, ցանկություն), պայմանագիր, համաձայն որի ֆինանսական ակտիվի հավանական գնորդը կամ վաճառողը, ով հանդիսանում է պայմանագրի գնորդը, ստանում է իրավունք, սակայն ոչ պարտավորություն գնել կամ վաճառել պայմանավորված ակտիվը պայմանագրում նախատեսված գնով և ժամկետում՝ վճարելով պայմանավորված պարգևավճար։ [սահմանումը՝ wikipedia-ից]

Նման խնդիր է նաև առաջանում, եթե գործընկերությունը պայմանավորված է գործընկերոջ անձով և մնացող գործընկերը չի ցանկանում ուրիշի հետ գործ ունենալ։ 

Օրինակ՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների դեպքում գործընկերության պայմանագրով կարելի է բացառել բաժնեմասի օտարումը երրորդ անձի, որը կարող է մնացող գործընկերոջը փրկել պարտադրված գործընկերությունից կամ ձեռք բերել ավելի մեծ ազդեցություն՝ գործընկերների ընտրության հարցում։

9. Մարդկային ռեսուրսներ և հատուցումներ

Սովորաբար փոքր կամ նոր բիզնեսում նրա աշխատակից գործընկերները ունենում են որոշակի ակնկալիքներ նաև աշխատանքային հարաբերություններում։ Այդպիսի գործընկերների հարաբերությունները կարող են լարվել, եթե աշխատանքի դիմաց հատուցումները, դիվիդենտներից զատ, աշխատավարձերի կամ այլ եկամուտների ձևով անարդար են բաշխվում նրանց միջև։ 

Մյուս կողմից այլ աշխատողերի ընդունումը առանց գործընկերների համաձայնության՝ նույնպես կարող է լարված աշխատանքային միջավայր ստեղծել։  

Այս հարցերի նախապես կարգավորումը գործընկերների պայմանագրի միջոցով (օրինակ՝ ում հետ պետք է խորհրդակցել նոր աշխատակիցների ընտրության հարցում, ինչպես պետք է կազմակերպել այդ գործընթացը, կամ ինչպես պետք է սահմանվեն աշխատավարձերը) կարող է հստակություն մտցնել գործընկերների հարաբերություններում, կանխել մեծ գլխացավանքներ և անհամաձայնություններ կառավարող գործընկերոջ և աշխատող մյուս գործընկերների միջև։

Եզրակացություններ, որ կարելի է քաղել

Վերևում նշված հարցերը ընդամենը այն բազմաթիվ հարցերից օրինակներ են, որոնց կարգավորումը ընկերության կանոնադրությունում կամ գործընկերների պայմանագրում, կարող է կանխել մեծ և փոքր ճգնաժամեր։

Այս հարցերի կարգավորմանը ուշադրություն է պետք դարձնել ինչպես նոր ընկերություն հիմնելու ժամանակ, այնպես էլ բիզնեսում փայ ձեռք բերելու ժամանակ. այսինքն եթե արդեն ունեք բիզնես և բիզնեսին նոր գործընկեր է միանում, կամ Դուք եք դառնում գործընկեր նոր բիզնեսում, ապա այս հարցերին պետք է ուշադրություն դարձնել։

Գործընկերների հարաբերությունների կարգավորման համատեքստում կան հարցեր, որոնք արժի պարբերաբար վերանայել, գործընկերության պայմանագիրը թարմացնել, հարաբերությունները հստակեցնել։ Փոփոխել կարելի է նաև կանոնադրությունը։  

Եթե այսպիսի հարցերը Ձեզ անհանգստացնում են, ապա պետք չէ բիզնեսն անել տիպային փաստաթղթերով և առանց գործընկերների հետ հարաբերությունները պայմանագրային հիմունքներով կարգավորելու։

Ահա այս ամենը ճիշտ շարադրելու և կազմակերպելու համար Ձեզ անհրաժեշտ է լինելու դիմել իրավաբանական ծառայության օգնությանը։


1. Պետական ռեգիստրի տիպային փաստաթղթերի օրինակները

Գևորգ Հակոբյանը «Elawphant» փաստաբանական գրասենյակի հիմնադիրն է, ղեկավար գործընկերը, ՀՀ փաստաբանների պալատի անդամ է:

Մենք կօգնենք այսպիսի հարցերը մանրակրկիտ կարգավորել. կապ հաստատեք մեզ հետ